Սա պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ բյուջեի եկամտային մասը, ծախսային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: «Ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք:
Նա նկատեց, որ վերջին տասը տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը ՀՀ ցուցանիշից միջունում երեք անգամ ավելին են եղել և շարունակում են այդպիսին մնալ:
«Մենք կանգնած ենք մեր պետության, պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ: Վերջին հինգ տարում մենք ՀՀ-ում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը: Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2018 թվականից ի վեր ավելացել է 1 միլիոն 170 հազար դրամով կամ 57,9 տոկոսով, իրական աշխատավարձն աճել է 33 տոկոսով»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները միանշանակ շատացել են, և հայտնեց, որ այս տարի զբոսաշրջիկների թիվն անցել է 2 միլիոնից և սա հոկտեմբեր ամսվա տվյալներով: «Մենք ոչ թե հոտնկայս խմում ենք մեր հուշարձանների կենացը՝ անտարաբեր նայելով, թե ինչպես են նրանք ավերվում, ինչքան շատ ավերվեն, այնքան շատ կենաց խմենք, այլ կոնկրետ զբաղված ենք այդ հուշարձանների պահպանմամբ»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, իրենց ընկալմամբ՝ լավ ապրել հնարավոր է միայն աշխատանքով: «Մեր քաղաքականությունն է նորանոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում»,- ասաց նա և նշեց, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը աշխատելն է: