Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացվեց: Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ք.Երևան, Էրեբունի, Տիտոգրադյան 133/1 հասցեում գտնվող՝ 2357.0  քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.177205 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ բուժհաստատության գործունեությունն ընդլայնելու և ուռուցքաբանական ծառայությունների հասանելիությունն ու որակը բարձրացնելու նպատակով՝ համաձայն վերջինիս կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 677 300 000 ՀՀ դրամ։ Ուղղակի վաճառքով օտարման ենթակա Գույքի վաճառքի գին է սահմանվել գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափը՝ 677 300 000 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի շուկայական արժեքի որոշման դիմաց գանձվող 788 106 ՀՀ դրամ վճարը:

Նախագծով սահմանվել է նաև, որ Գույքի հանձնման-ընդունման պահից սկսած Գնորդը պարտա¬վորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 3 տարվա ընթացքում Գույքի վրա իրականացնել 350 000 000 ՀՀ դրամի ներդրում։

Գրությամբ Կոմիտե է դիմել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը՝ տեղեկացնելով, որ ներկայումս Հայաստանում օնկոլոգիական հիվանդներին սպասարկող առկա սարքավորումները հնացած են և չեն բավարարում պահանջարկը, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիները ստիպված են մեկնել այլ երկրներ բուժում ստանալու համար։

Հարկ է նշել, որ ճառագայթային բուժմանը զուգահեռ անհրաժեշտ է տրամադրել նաև քիմիոթերապիայի և ռեաբիլիտացիոն ծառայություններ։

Որոշվել է ստեղծել ժամանակակից ստանդարտներին համապատասխան ճառագայթային բժշկության կենտրոն, հագեցած վերջին սերնդի սարքավորումներով:

Մրցույթի շրջանակներում Էրեբունի բժշկական կենտրոնը պարտավորվել էր ներդնել 100 մլն. ՀՀ դրամ և տվյալ տարածքում իրականացվող ճառագայթային կենտրոնի կառուցման համար արդեն իսկ ծախսվել է 900 մլն. ՀՀ դրամ։ Այս մասով շինարարաությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի մարտին։

Տվյալ տարածքում՝ ք. Երևան, Տիտոգրադյան 133/2 հասցեում իրականացվելու է միայն ճառագայթային բուժում, պայմանավորված մատուցվող ծառայության առանձնահատկություններով և այն չի ընդգրկում քիմիոթերապիայի և ռեաբիլիտացիայի համար նախատեսված մակերեսները։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ շինություն կառուցվող ճառագայթային կենտրոնի մերձակայքում:

Բշկական կենտրոնի տնօրենը նշել է նաև, որ ճառագայթային կենտրոնի 2 մասնաշենքերի (ներառյալ ձեռքբերվող շինությունը) վրա կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 3.5 միլիարդ ՀՀ դրամ։

«Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

203