Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է M51.3 հեռահար բալիստիկ հրթիռը՝ մեծացնելով վստահությունը Ֆրանսիայի միջուկային զսպման հնարավորությունների նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Հրթիռն արձակվել է Ֆրանսիայի հարավարևմտյան  Բիսկարոսում գտնվող ֆրանսիական բանակի հրթիռային զորավարժարանից և ընկել Հյուսիսային Ատլանտյան օվկիանոս՝ «առափնյա գծից  հարյուրավոր կիլոմետր հեռու», - ասել է նախարարությունը՝   լրացուցիչ մանրամասներ չներկայացնելով:

«Թռիչքը հաստատել է հրթիռի զգալի կատարելագործումը, որը կնպաստի առաջիկա տասնամյակների ընթացքում օվկիանոսային զսպման գործում Ֆրանսիայի նկատմամբ վստահության ամրապնդմանը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

M51.3 հրթիռը M51-ի արդիականացված տարբերակն է՝ «ծով-երկիր» եռաստիճան ռազմավարական բալիստիկ հրթիռ, որը նախատեսված է ֆրանսիական նավատորմի սուզանավերից արձակելու համար:

Նոր M51.3 հրթիռը, որը սպառազինությանը կհանձնվի  2025 թվականին, մշակվել է ArianeGroup ավիատիեզերական ընկերության կողմից, որը Airbus-ի և ֆրանսիական Safran պաշտպանական խմբի համատեղ ձեռնարկությունն է:

M51-ի առաջին փորձնական արձակումը եղել է ցամաքային բազայից 2006 թվականին, իսկ սուզանավից՝ 2010 թվականին, երբ այն շահագործման հանձնվեց:

428