Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ն, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր փաստացի բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «АКМ» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «СВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62 մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաև՝ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ:

«Վ.Ա.-ի նկատմամբ հարուցված էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Վ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

680