Կարծում եմ, որ պարեկային ծառայությունը բացի տեսանելի ձևի առումով փոփոխություն բերելուց, դրանք՝ նոր մեքենաներն են, նոր սարքավորումներն են, նոր զենք, նոր  համազգեստ, նաև պետք է  բովանդակային փոփոխություններ բերի, քանի որ ձևի համար փոփոխությունները չեմ կարծում որևէ մեկին պետք  են: Այս մասին այսօր «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Ես ուզում եմ մեզանից հետո բովանդակային փոփոխություն թողած լինենք»,- ասաց նա: Նա նշեց, որ մեզ մոտ մոտավորապես տասից ինը ամրակապված չէ և անհրաժեշտություն կար կոնկրետ օր հայտարարելու և անհանդուրժող լինելու այդ երևույթի նկատմամբ

Արսեն Թորոսյանը նշեց, որ այնքան բան կա փոխելու, որ մեր ճանապարհային երթևեկությունը դառնա իրոք անվտանգ: Նա վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝  մենք 100 հազար բնակչի թվով տարեկան մոտ 12 զոհ ունենք: «Դա նշանակում է, որ վատ վիճակում ենք»,- ասաց նա և նշեց, ոչ պետք է հետևողական լինել ամրագոտիներ կապելու, ղեկին  հեռախոսով խոսել, ծխելու առումով:

375