
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարին «կենտրոնանալ Ալիևի ռեժիմին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու վրա»։
Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում սենատորը, մասնավորապես, գրում է.
«Ես շարունակում եմ խորապես մտահոգված լինել, որ Ադրբեջանը կարող է նոր ռազմական գործողություններ ձեռնարկել լրացուցիչ քաղաքական նպատակների հասնելու համար, մասնավորապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված։
Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակի վայրագությունները կանխելու, խոցելի խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իր հանձնառությունը: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր հավատում են, որ կարող են անպատիժ գործել»: