
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ մեծ մասը գործի, ըստ էության, արված է, եթե խոսում ենք պայմանագրի մասին և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ, էական հարցի շուրջ վերջնական ձևակերպումների»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է բանակցությունների ֆորմատին, Միրզոյանը նշել է. «Եթե շատ բծախնդիր նայենք այս ձևաչափերի հարցին, մեր վերջին շրջանի երկու տարվա, երեք տարվա բանակցությունները եղել են երկկողմ, համենայն դեպս այդպես ենք հռչակել, ֆասիլիտացվել են միջազգային դերակատարների կողմից: Մենք կարծում ենք, որ այսպես էլ պետք է շարունակել: Ինչ-որ չափով դրանք արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը»։
ԱԳ նախարարի խոսքով, գործի մեծ մասն արված է. «Եթե մենք վերադառնանք ու նույն ընդունված մեխանիզմներով շարունակենք, մենք կկարողանանք արագ արդյունքի հասնել: Բացակայող կոմպոնենտը կամ այն բաղադրիչը, որ մենք կուզեինք տեսնել և որը կգա լրացնելու այս ամբողջ շղթան և հասցնելու տրամաբանական ավարտին, Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքն է, որը հիմա պետք է դրսևորվի կամ չդրսևորվի: Հուսամ կդրսևորվի»։