ՏՏ ոլորտին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը՝ շահութահարկի արտոնությունները, կերկարաձգվի ևս 1 տարով: Այդ մասին օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ օրենքը երկրորդ անգամ է ներկայացվում, և որ տարվա ընթացքում օրենքի նախագծի 4 տարբերակ է քննարկվել, ոչ մի տարբերակի մասով կոնսենսուսի գալ չի հաջողվել, և 1 շաբաթ առաջ ոլորտի ընկերությունների հետ ՀՀ վարչապետի հանդիպումից հետո որոշում է կայացվել օրենքի նախագիծը ևս 1 տարով երկարաձգել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով վարչապետի հետ հանդիպմանը, արձանագրեց. «Պայմանավորվածությունն այնպիսին է, որ մինչև եկող տարվա հունիս մենք պիտի ունենանք օրենսդրություն, որը համապարփակ կլուծի այս դաշտի խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն ՏՏ ոլորտի, այլև՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի»:
2015-ից մինչև սույն թվականի նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն. 2015 թվականին հավաստագրվել է 65 ընկերություն, 2016-ին՝ 103 ընկերություն, 2017-ին՝ 270, 2019-ին՝ 230, 2020-ին՝ 192, 2021-ին՝ 210, 2022-ին՝ 1430, 2023 թվականին՝ 1633 ընկերություն: Հայաստանում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թվականից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվեց՝ ինչպես է 2021 թվականից ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը 2023-ին 210-ից հասել 1633-ի: Նախարարի տեղակալը պարզաբանեց՝ 2022-ին ՀՀ են եկել ռուսական ընկերություններ, որոնց մեծ մասը «1 մարդ» ընկերություն է, և որ աճը հիմնականում դրանով է պայմանավորված: Ընդ որում՝ այդ օտարերկրյա քաղաքացիները միայն ՌԴ քաղաքացիներ չեն, նաև կան այլ երկրներից քաղաքացիներ:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով նախագծին, ընդգծեց, որ միայն այս տարվա հաշվարկներով՝ ոլորտի շրջանառությունը կգերազանցի 1,6 միլիարդ դոլարը՝ 640 միլիարդ դրամը, որը ՀՆԱ-ի 7 տոկոսից ավելին կկազմի:
«Պետք է նաև արձանագրենք, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը համարվում է պատշաճ հարկատու ոլորտներից մեկը, և գրեթե բոլոր աշխատակիցներին գրանցում են, նրանց իրական աշխատավարձերը գրանցում են, որոնք էլ այսպիսի մեծ եկամուտներ են վճարում պետբյուջե»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Նշենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում էր ՏՏ ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել հարկային արտոնություններ, մասնավորապես՝ շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: