«Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման:

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ 2020 թ. մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքը կորցրած և գործազուրկ դարձած շուրջ 500 անձ նորից կհամալրի աշխատաշուկան: Նախագիծը դեռ շրջանառվում է, հետևաբար մոտ օրերս կամ շաբաթվա ընթացքում չի կարող ընդունվել։ Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

 

 

Ըստ ներկայացված ծրագրի՝ շահառու են հանդիսանում տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձինք, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ: Առաջնահերթություն տրվելու է հաշմանդամություն ունեցող, երեխաներ ունեցող և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող անձանց:

 

Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե գործատուն ինչպես է տնօրինելու պետության կողմից տրվող գումարը և ինչ ընթացակարգով: Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ գումարի տնօրինման մասով  ազատ է գործատուն. «Սակայն պետք է 1 տարի չլուծի աշխատանքային պայմանագիրը շահառուի հետ, հակառակ պարագայում 250 000 պետք է հետ վերադարձնի»,- նշեց Մարտիրոսյանը։

 

Հանրային քննարկումից հետո նախագիծը կդրվի կառավարության հաստատմանը:

 

Հայկ Մագոյան

 

1185