Այս տարի երիտասարդների այդքան սպասված՝ Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը կտոնվի հունվարի 27-ին։ Աղի բլիթը պետք է ուտել հունվարի 26-ի երեկոյան։ Բլիթն ուտելուց առաջ որևէ կոնկրետ սննդակարգ պահելու կարիք չկա, քանի որ աղի բլիթը որևէ հոգևոր խորհուրդ կամ իմաստ չունի, և բոլորովին նշանակություն չունի՝ ով այն կպատրաստի։

Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է ամեն տարի, և տոնի հետ կապված գեղեցիկ ավանդույթներ կան։ Հատկապես այն ընտանիքներում, որտեղ դեռ չամուսնացած երիտասարդներ կան, այդ գիշեր տան տանիքին կամ պատշգամբում ափսեով փոխինդ (փոխինձ) կամ ալյուր են դնում։ Հաջորդ օրը ստուգում են՝ հետք կա՞ վրան, թե՞ ոչ։ Այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինձի միջով անցել է սուրբը, այսինքն նկատելի է ձիու պայտի հետքը՝ կամուսնանա, կամ նրան սպասվում է մեծ հաջողություն։ Նաև աղի բլիթ են ճաշակում հավատալով, որ երազում իրենց կյանքի ապագա զուգընկերը ջուր կբերի, որով և կկանխանշվի ով է լինելու իր կողակիցը։

Հայկական շատ ընտանիքներում այդ օրը պատրաստում են փոխինդից գնդիկներ, հալվա, թխում փախլավա, մատաղ են անում և բաժանում դրացիներին։ Թեպետ դարեր են անցել, բայց այս գեղեցիկ ավանդույթները շարունակվում են և երիտասարդներին համախմբում տոնի շուրջ: Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են եկեղեցական ծեսով և աղոթքներով, սուրբ պատարագին մասնակցելով, սուրբ հաղորդություն ճաշակելով:

Պատարագից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:

Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում:

Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

10118