Քանի որ Հայաստանում դեղերի վրա կիրառվում է ավելացված արժեքի հարկ, դրանց գներն ավելի բարձր են, քան, օրինակ, հարևան Վրաստանում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հաջորդիվ ազդում է այն, որ Հայաստանն իրենից ներկայացնում է փոքր շուկա  և դեղորայքային կազմակերպությունների գնային քաղաքականությունը տվյալ շուկայում տարբերվում է մեծ շուկաներից: Այսինքն կան մի շարք հանգամանքներ, որոնք նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը: Բայց պետք է ընդհանուր առմամբ նայել. մենք չենք կարող մեկ դեղի գնի տարբերությունները դիտարկել որպես դեղորայքի գնային տարբերություններ»,-ասաց նա:

Ավանեսյանը հավելեց, որ առողջապահության ապահովագրության բարեփոխման շրջանակներում նաև դեղերի գնորդի և գների կարգավորման մեխանիզմները ազդելու են նաև դեղորայքի գների վրա. «Այսինքն շատ ավելի մատչելի եւ մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը, եւ արդյունքում պետությունն ու քաղաքացին ավելի քիչ է վճարելու դեղերի համար»:

Ինչ վերաբերում է օֆերտայի ամբողջական ծրագրի ներդրմանը, Ավանեսյանն ասաց. «2023-ի պետպատվերի հայտ ներկայացրած կազմակերպությունները ավտոմատ կերպով դառնում են օֆերտայի պայմանագրի կողմեր: Այս 6 ամիսների ընթացքում մենք կիրականացնենք նաեւ օֆերտայի պայմանագրի վերանայում, եւ պիլոտի ծրագրի ավարտին կներդնենք եւս մեկ անգամ թարմացված օֆերտայի պայմանագիր:

Սա նոր բան չէ, մինչեւ այս փոփոխությունը մեր ծառայությունների 50 տոկոսն իրականացվում էին օֆերտայի շրջանակներում, հիմա դարձել է արդեն 100 տոկոս»:

531