Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային և չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա, այլ պետք է արձագանքի այն ամենին, ինչ կատարվում է այս տարածաշրջանում։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Դուք իրավացի եք, որ ՆԱՏՕ-ն անդրատլանտյան դաշինք է, մենք մնալու ենք տարածաշրջանային դաշինք: Բայց անդրատլանտյան տարածքը կանգնած է սպառնալիքների առաջ, անվտանգությունը տարածաշրջանային չէ, անվտանգությունը գլոբալ է»,- ասել է նա: «Մենք պետք է հասկանանք, որ խոսքը ոչ թե դեպի Ասիա ՆԱՏՕ-ի տեղաշարժի մասին է, այլ այն մասին, որ Չինաստանը մոտենում է մեր դռներին»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Ըստ Ստոլտնբերգի, ՆԱՏՕ-ն չի ընկալում Չինաստանին որպես թշնամի, սակայն դաշինքը պետք է հարմարվի Չինաստանի «մեծ ներդրումներին ռազմական հնարավորությունների, ավելի առաջադեմ միջուկային զենքի մեջ, նրա պահվածքին Հարավչինական ծովի տարածաշրջանում և թե ինչպես է Չինաստանը խախտում ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, խոսքի ազատության»:

439