

Խաղաղության օրակարգն առաջին իսկ օրվանից խնդիրների է հանդիպում թե Հայաստանից դուրս, թե Հայաստանի ներսում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության օրակարգը դիտավորյալ խաթարելուն չեն միտված։
Պատգամավորն արձանագրեց, որ իշխանության օրակարգը խաղաղության օրակարգն է, և այս օրակարգով առաջ են շարժվելու։ Հովհաննիսյանի խոսքով՝ ամենասկզբից էլ հասկացել են և ժողովրդին էլ փոխանցել, որ հեշտ չի լինելու. «Մենք հանդիպում ենք խոչընդոտների՝ հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից, և կիսում ենք վարչապետի այն մոտեցումը և հույսը, որ սա փորձ չէ՝ փակուղի տանել խաղաղության օրակարգը։ Եթե անգամ սա Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը փակուղի տանելու փորձ է, դա մեզ որևէ կերպ հետ չի պահելու մեր քաղաքականությունից, մեր օրակարգից»։
Ըստ Հովհաննիսյանի՝ խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերազմի օրակարգն է. «Հայաստանը պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ, և մենք շարժվում ենք այս ճանապարհով»։
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ ՀՀ-ի շահից բխում է խաղաղությունը. «Մենք խաղաղության օրակարգն ենք առաջ բերել և մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք այդ օրակարգով առաջ շարժվելու համար: Ուզում եմ հիշեցնել, որ երբ ՀՀ-ի ղեկավարը խոսում է, խոսում է ԱԺ-ի ամբիոնից, խոսում է կուսակցական հավաքի ժամանակ, նա խոսում է նաև ամբողջ աշխարհի հետ և երբ մեր լիդերը խոսում է խաղաղության մեր նկրտումների մասին և ներկայացնում է մեր պատկերացրած խաղաղության ճանապարհը, նա այդ ժամանակ ոչ միայն մեր հասարակության հետ է խոսում, ոչ միայն Ադրբեջանի հասարակության հետ է խոսում, այլ նաև խոսում է ամբողջ միջազգային հանրության հետ և նաև միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում խաղաղության մեր օրակարգի վրա»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք խաղաղության օրակարգը կարելի է համարել ձախողված՝ պատգամավորն ասաց. «Ես չեմ կարծում, թե որևէ փուլում խաղաղության օրակարգը մենք պետք է համարենք ձախողված, մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր ջանքերը ոչ միայն մեր հարևանի, այլ նաև միջազգային հանրության հետ, միջազգային գործընկերների հետ մեր շփումներում, քանի որ այս տարածաշրջանում խաղաղությամբ միայն Հայաստանը չէ, որ շահագրգռված է, այլ նաև այլ միջազգային գործընկերներ, որոնք նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում»: