ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ/FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր գործունեության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև վերընթաց զարգացող համագործակցության ծավալման գործում անձնական լուրջ ներդրում ունենալու համար, ինչը նշանավորվել է ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև 2023 թ. մայիսին փոխըմբռնման հուշագրի կնքմամբ։

 

Արսեն Այվազյանը հավելել է, որ այդ համագործակցությունը շարունակում է տալ շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փողերի լվացման և անդրազգային մի քանի հանցատեսակների դեմ պայքարում ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման, ԱՄՆ ՀԴԲ-ի կողմից ցուցաբերած աջակցությամբ ՀՀ ՔԿ-ում քննվող որոշ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ոլորտներում։

Տիկին Բերգն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի հետ նախընթաց տարիներին ձևավորած ջերմ և արդյունավետ հարաբերությունները:

 

Հանդիպման ընթացքում ամփոփվել և գնահատվել են համատեղ կատարված աշխատանքները, քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս կարիքները և երկու կառույցների հետագա համագործակցության նոր ուղղությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

279