Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած, ապա՝ ՀՀ գալուց հետո դրա գոյության փաստը կասկածի տակ դրած Սամվել Շահրամանյանի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն ուղեկցվեց հերթական սկանդալով՝ միջոցառումը լուսաբանող հայաստանյան լրատվամիջոցի օպերատորին եւ լրագրողին ուղղված հայհոյանքով։  

24news.am-ը, ի դեպ, իր յութուբյան ալիքում զետեղելով տեսանյութը, այն վերնագրել էր այսպես․ «Շահրամանյանի «ախրաննիկի» լկտի պահվածքը. Եռաբլուրում հայհոյել է «24news»-ի լրագրողին եւ օպերատորին»։  

ԼՂ նախագահի պաշտոնը մի քանի օրով զբաղեցնողի «ախրանիկներից» մեկին հավանաբար թվացել է, թե՝ հանուն ԼՂ-ի, հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լուսաբանելը ոտնձգություն է «շեֆի» նկատմամբ եւ հետեւաբար պետք է ամեն կերպ կանխել այն՝ անպարկեշտ արտահայտություն տեղալով լուսաբանողների հասցեին։ Եվ այս ամենը՝ Շահրամանյանի լուռ համախոհությամբ՝ առանց վերջինիս կողմից իր թիկնապահին ուղղված սաստման։

Նկատենք, որ ՀՀ-ում գտնվելու մի քանի ամիսների ընթացքում Շահրամանյանի՝ հանրության մեջ դուրս գալն առանց աղմուկի չի ուղեկցվում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության դիմաց ամիսներ առաջ տեղի ունեցած բազմամարդ ակցիայի ժամանակ իր համերկրացիների հետ բացատրական աշխատանքներ տանել փորձող Շահրամանյանը, մոռանալով իր կարգավիճակի, դիրքի եւ վերջապես կրթական ցենզի մասին, ձեռքը տնկել էր արցախցիներից մեկի ուղղությամբ ու սպառնացել՝ ասելով. «Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ»։ Ընդ որում՝ ԼՂ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը կրկնել էր իր սպառնալիքը, իսկ նրա երկու կողմերում կանգնած «ախրանիկներից» մեկը «շեֆի» խոսքից «դուխավորվել» եւ իրենց հերթին էին սպառնալից տոնով հորդորել քաղաքացուն սուս մնալ։  

Հընթացս նշենք, որ Շահրամանյանին 2008 թվականին շնորհվել է Սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում, 2020 թվականի մայիսի 29-ից էլ նա եղել է ԼՂ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար: Դժվար է ասել՝ քաղաքացուն սպառնալիս Շահրամանյանի մեջ խոսում էր ըմբշամարտի վարպե՞տը, թե՞ ռազմահայրենասիրության ոլորտը համակարգած նախարարը։

Շահրամանյանի «հանրային հայտնության» շուրջ հերթական աղմուկը շուրջ երկու ամիս առաջ էր. մամուլը գրեց, որ Երեւանում պարեկները կանգնեցրել էին վերջինիս ավտոշարասյունը եւ ասել, որ նա իրավունք չունի այդպես երթեւեկելու։

«Պարեկն ավելորդ բան թույլ չի տվել, շատ կուլտուրական մոտեցել եւ զգուշացրել է Սամվել Շահրամանյանին, որ ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք չկա»,- պարզաբանել էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ հավելելով. «Ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք ունեն այն պաշտոնական անձինք, որոնց, Կառավարության որոշումով, նախատեսված է ավտոշարասյուն ունենալ»:

Նշենք, որ Շահրամանյանի՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 9-րդ օրը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա իրականացրեց ԼՂ-ի նկատմամբ, տեղի բնակչությունը մի քանի օրերի ընթացում բռնի տեղահանվեց, ձերբակալվեցին եւ Ադրբեջան տարվեցին ԼՂ  ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչները, իսկ Շահրամանյանը եկավ Երեւան:

Ի դեպ, ԼՂ հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում դիմելով արցախահայությանը՝ Շահրամանյանը կոչ էր արել՝ «շարունակել ապրել արցախցիներին վայել կյանքով, վայել կարգապահությամբ»։

Հարգանքի արժանի կոչ է, միայն թե՝ կոչ անողը առաջինը պետք է հարգի իր իսկ կոչն ու մյուսների համար լավ օրինակ ծառայի։

Աղբյուրը՝ armtimes.com

1336