Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Վահրամ Խաչատրյանը իր վարած Mercedes 222 Maybach մակնիշի «003 HH 03» համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Արարատյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան փողոցի թիվ 34 տան քարե պարսպին ու երկաթե էլեկտրական դարպասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկնության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Լիանա Խուրշուդյանն ու Գրիշա Դավթյանը:

Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարն է, ժողովրդի լեզվով ասած՝ Մեծամորի քաղաքապետը:

262