![](https://araratnews.am/admin/images/1709192130.jpg)
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը պատժամիջոցների տակ հայտնվելու մասին:
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։
Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց:
Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում հետևյալ հղումով:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և իրական շահառուների մասին տեղեկատվության հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները»:
Հիշեցնենք, որ օրերս Հետք-ը գրել էր, թե ռուսական «Գեոպրոմայնինգը», որին պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հայտնվել է պատժամիջոցների տակ։
Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։
Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։
Երկու ընկերություններում էլ Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու եկավ Տրոցենկոներին փոխկապակցված անձ՝ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։