
Երեքշաբթի երեկոյան Վիլնյուսում հարձակում է իրականացվել մահացած ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա։ Գործընկերների խոսքով՝ Վոլկովը հարձակման է ենթարկվել իր տան մոտ և որոշ ժամանակով նրան ուղարկել են հիվանդանոց։
Կիրա Յարմիշը, որը Նավալնիի մամուլի քարտուղարն էր, X ցանցի իր հաշվում գրում է, որ Վոլկովը «մեքենայի ապակին կոտրել է, և արցունքաբեր գազ են ցրել նրա աչքերին այն բանից հետո, երբ հարձակվողը սկսել է մուրճով ծեծել Լեոնիդին։
Իվան Ժդանովի հրապարակած լուսանկարներում պատկերված են Վոլկովի ստացած վնասվածքները՝ դեմքի վնասվածքներ և արյունոտ ոտքեր։ Ժդանովն ավելի ուշ պարզաբանել է, որ «մուրճով հարվածել են նրա ոտքերին ու ձեռքերին»։
Ավելի ուշ ընդդիմադիրը հայտնել է, որ հիվանդանոցից տուն է վերադարձել։ Նրա հրապարակած տեսաուղերձում երևում է, որ Վոլկովի ձեռքը վիրակապված է։
Նա կատարվածը նկարագրել է այսպես. «Ինձնից ուզում էին կոտլետ սարքել։ Բնականաբար։ Տան բակում մի տղամարդ մուրճով հարձակվեց ինձ վրա։ Նա տասնհինգ անգամ հարվածեց ոտքիս։ Չգիտես ինչու, ոտքս մնացել է անվնաս։ Քայլելիս ցավում է, բայց ասում են՝ կոտրվածք չկա։ Բայց կոտրեցին ձեռքս»։