Խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ն ունի իր պատկերացումները և լուծումները, առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ՝ ինչպես երկկողմ համաձայնագիրն է ենթադրում, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում  հեռարձակվող ռուսական ալիքների ցուցադրմանն ու խախտումներին:  

 

«Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ ՀՀ պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն ՀՀ ներքին գործերին, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշների, առհասարակ պետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի և արժանապատվության նկատմամբ»,- ասաց նախարարը:

 

Հայրապետյանը նաև նշեց, որ լուծումները, որոնք առաջարկների փաթեթում ներառված են, ենթադում են նաև նախկինում կատարված փորձերը: 

 

«Յուրաքանչյուր որոշում կամ դիրքորոշում, որը որդեգրում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, դրա առանցքում հայ ժողովրդի և Հայաստանի արժանապատվությունն է դրված»,- ասաց նախարարը:

Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու՝ նախարարը պատասխանեց. «Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։

374