Ղարաբաղյան այս պատերազմը ի ցույց տվեց Թուրքիայի իրական նկրտումները՝ վերածել Հարավային Կովկասը ապակայունացած մի տարածաշրջանի, ինչպիսին է Մերձավոր Արևելքը: Եվ սա ոչ միայն Հայաստանի ու Արցախի խնդիրն է, այլև տարածաշրջանի բոլոր երկրների ու կարևոր դերակատարների: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:


Նրա խոսքով, Անկարան տարածաշրջանում  ստանձնել է ապակառուցողական ու վտանգավոր մի դեր և ահաբեկիչների ներմուծումը Հարավային Կովկաս վառ ապացույցն է այն հեռուն գնացող նպատակների, որ փայփայում է թուրքական իշխանությունը.

 

«Տարածաշրջանի բոլոր երկրներն այսօր կանգնած են լրջագույն սպառնալիքի առաջ՝ Թուրքիան կարող է իր այս քաղաքականությամբ  քաոս  ու ապակայունացում ներմուծել ամենուր: Սա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում և մենք. Հայաստանը կանգնած է լրջագույն ու երկարաժամկետ մարտահրավերների առաջ, ինչը ենթադրում է, որ պետք է ունենանք երկարաժամկետ տեսլական այս մարտահրավերին դիմագրավելու համար»,- շեշտեց բանախոսը:


Արման Ղուկասյանի խոսքով, այս ամենում անչափ կարևոր է Ռուսաստանի Դաշնության դերը, որն արդեն իսկ վարկում է Թուրքիային զսպելու գործընթաց: Մասնավորապես, ՌԴ զինված ուժերը այս մեկ ամսվա ընթացքում Սիրիայում շատ լուրջ վնասներ են հասցրել թուրքամետ տարբեր ահաբեկչական օջախներին, ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների և եթե հաշվի առնենք Էրդողանի նյարդային արձագանքը՝ դա բավականին արդյունավետ է եղել. «Սա միանշանակ պետք է կապել ղարաբաղյան այս պատերազմի հետ»,- ասաց նա:

 

Բացի այս, այլ ոլորտներում ևս տարվում է Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու քաղաքականություն, մասնավորապես, Մոսկվան արգելել է գյուղատնտեսական ապրանքների ներմուծումն այդ երկրներից:


Բայց, շեշտեց բանախոսը, սա ամենևին էլ  չի նշանակում, թե հարկ է սպասել, որ Ռուսաստանը ուղիղ կմիջամտի պատերազմին.

 

«Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն շատ կարևոր նպատակ: Այն է՝ այդ հարաբերությունները կարևոր ու պիտանի են ոչ միայն մեր երկրի անվտանգության տեսանկյունից, այլև միտված են ամբողջ տարածաշրջանի կայունության ապահովմանը: Եվ այս պատերազմում էլ Ռուսաստանը ցույց տվեց, որ միակ գերտերությունն է, որն իսկապես ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար: Սա ուղիղ մեսիջ է Անկարային ու Բաքվին, որպեսզի զերծ մնան իրավիճակն էլ ավելի սրելուց: Բայց պետք չէ ակնկալել ուղիղ միջամտություն ռազմական գործողություններին. բոլոր այն կոչերը, թե ՌԴ-ն պետք է ուղիղ կերպով միջամտի ու բախման գնա Ադրբեջանի հետ, ընդամենը միտում ունեն էլ ավելի ապակայունացնել իրավիճակը և Հայաստանը վերածել լուրջ ռազմական թատերաբեմի: Եթե ՌԴ-ն ուղղակի միջամտի այս պատերազմին, դա կնշանակի ուղիղ բախում Թուրքիայի հետ, ինչն իր հերթին նշանակում է ուղիղ բախում ՆԱՏՕ-ի հետ: Իսկ ես կարծում եմ, որ մենք չենք ցանկանում, որպեսզի Հայաստանը դառնա լրջագույն հետևանքներով ռազմական թատերաբեմ գերտերությունների համար»,- ընդգծեց Ղուկասյանը:


Բանախոսը նաև հիշեցրեց, որ տարիներ շարունակ Հայաստանում որոշ շրջանակներից կոչեր ու պահանջներ էին հնչում, որպեսզի Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմաբազան, Երևանը հեռվանա Մոսկվայից: Բայց այսօր, ընդգծեց նա, տեսանելի է, թե ինչի համար էր պետք ռազմաբազան, որը զերծ է պահում ռազմական գործողությունները մեր երկիր տեղափոխելուց:

06 Նոյեմբեր, 2020 13:28
563
; ;