Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը վերանորոգվել ու արդիականացվել է: Մնացել են վերջին շտկումները: Երևանի սրտում գտնվող երկհարկանի այս շենքում խնդիրները շատ էին՝ տանիքից միչև հատակ: 

«Շինարարական աշխատանքների մեջ արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ են նախատեսված եղել, այդ թվում՝ արտաքին ճակատի, հղկման, նորոգման մաքրման աշխատանքներ: Ջրահեռացման համակարգի փոխարինում, տանիքի վերանորոգում: Այսինքն համալիր լուծումներ են տրվել նախագծով», - նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը: 

Շուրջ 160 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ամբողջությամբ նորովի: Փոխվել են դռներն ու պատուհանները, տեղադրվել հարմարավետ նոր բազկաթոռներ: Զրոյից է հավաքվել բեմահարթակը: Ամբողջ թատրոնն ապահովված է հակահրդեհային անվտանգության նոր համակարգերով: Վերանորոգմանը զուգահեռ՝ թատրոնը վերազինվել է լուսային ու ձայնային ժամանակակից տեխնիկայով, ինչը ստեղծագործական նոր հնարավորություններ կընձեռի:

«Մեր քաղաքականությունն ուղղված է բազմապատկելու մշակութային ոլորտի նկատմամբ մեր ուշադրությունը: Նորոգման ու վերազինման աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից ծախսվել է մոտ 160 մլն դրամ: Իհարկե, ակնկալում ենք, որ այս ծրագրով թատրոնը նոր շունչ կստանա»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: 

1986թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով հիմնադրվեց արտիստական թատրոնը: Ինքը՝ դերասանը, նշում էր՝ մեր աշխատանքը բնության հետ է, մարդկանց հույզերի, և այն մի կախարդական աշխարհ է: Համայնքային ենթակայությամբ գործող թատրոնում այսօր արդեն  պատրաստվում են նոր ներկայացման: Թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով:

 

485