Կառավարությունը մտադիր է փոխել վարժական հավաքներին քաղաքացիների ծանուցման ձևը՝ անցում կատարելով էլեկտրոնային եղանակի։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանկ նշեց, որ գործող օրենքի համաձայն սահմանված է քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը։ Նա նշեց, որ այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա պատճառով հնարավոր չի լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը։

Ըստ նախարարի՝ նույն խնդիրը վերաբերվում է նաև վարժական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի կողմից զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ վարժական հավաքներին մասնակցելու համար երբեմն կրկնակի և եռակի թվով ծանուցումներ են ուղարկվում, ամեն ծանուցում պետական բյուջեի վրա ծախս է և եթե 10 հոգու պետք է հրավիրենք վարժական հավաքի ինչի ենք հարյուր ծանուցագիր ուղարկում և տաս անգամ ավել ծախս անում:

«Ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, որը խնդիրներ է ստեղծում: Այս նոր օրենսդրական նախաձեռնության իմաստը այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի մի գործընթաց, որը կբերի կոնկրետ արդյունքների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Մանրամասները տեսանյութում   

479