
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերում 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Ընդհանուր առմամբ 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3162 տեղ, որից 2096-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Նախորդ՝ 2023/2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2024/2025 ուստարվա համար նախատեսվում է 2096 տեղերից 1264-ը՝ ընդհանուր տեղերի թվի 61%-ը:
Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային այս տարի կհատկացվի 598 տեղ, նախորդ տարվա 480-ի փոխարեն (118-ով ավելի):
ՊՆ-ն 2023/2024 ուստարվա՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսել էր 180 տեղ (պլանավորված 350-ի փոխարեն), իսկ այս տարի՝ 160-ը (2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով նախատեսված 350-ի փոխարեն):
2024-2025 ուսումնական տարվա համար ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանավարտների համար (7 տեղ):
Ինչպես 2022/2023 ուստարվա համար, այնպես էլ 2024/2025 ուստարվա համար հավելյալ 5-տեղ (ընդհանուր` 25) կհատկացվի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին։ Ըստ Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտի՝ դրանք նախատեսվում են Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:
Հաշվի առնելով նաև 2023/2024 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2024/2025 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 14 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Դրանք ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների (կրթական ծրագրերի) կբաշխվեն՝ նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացված հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը: