Նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչելու և այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

 

Պապիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցանման ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչվելու, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների առանց ախտանիշների հաստատաված գիշերամիզություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողների  զորացրման դեպքերին:

«Ունենք վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա։ Խոսքն անգամների մասին է»,- ասաց Պապիկյանը:

 

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով զինծառայությունից ազատվելու դեպքերին, նշեց, որ կան բազմաթիվ սողանցքներ. «Մեր իրավապահ համակարգում, եթե չասեմ բազմաթիվ, ապա գոնե մի քանի նման աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ սխեմաներ են գործում: Արձանագրվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց հետո դա հնարավոր չի լինում նույնականացնել, այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյալն է, թե՞ տիպային կիստա ունենք, որ քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում ու ազատում ենք։ Այսպիսի խոր խնդիրներ ու պրոբլեմներ կան»:

 

 

 

Մանրամասները տեսանյութում

588