Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

 

Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները՝ հիվանդության տարածումը կանխելու համար:

 

Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների վերլուծության տվյալները:

 

Նախարարը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել համաճարակաբանական հսկողությունը բժշկական հաստատություններում, ակտիվացնել բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը, մասնավորապես՝ կարևորելով կարմրուկի և վերջինիս բարդությունների կանխարգելման գործընթացում կարմրուկի դեմ պատվաստումների առանցքային դերը:

 

ԱՆ տարածած հաղորդագրությունում նշված է, որ իմունականխարգելման շաբաթվա շրջանակներում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում` կարմրուկի դեմ պատվաստումների իրականացում՝ շարժական/արտագնա պատվաստումային խմբերի միջոցով: Առաջիկա օրերին խմբերը կլինեն ՀՀ մարզերի տարբեր համայնքներում:

392