Հայաստանը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը՝ որպես հանրային առողջության սպառնալիք:

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն այս մասին նշել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Էյմոն Մերֆին:

 

«Վերջին տարիներին միացյալ ծրագրի, ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր մոտեցումների, կանխարգելիչ և թեստային միջամտությունների հասանելիության, ծառայությունների ապակենտրոնացման շնորհիվ ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը վաղ փուլերում մեծացել է, և սահմանել ենք նոր նշաձող»,- նշել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ՄԻԱՎ-ի հակազդման հուսալի և կայուն համակարգի ստեղծմանը` առողջության առաջնային օղակի և մյուս բարեփոխումների շրջանակներում:

 

«Իմ փորձը և ձեր երկրի ցուցանիշները լավատեսություն են ներշնչում, որ ծրագրի բաղադրիչների արդյունավետ կիրառման, համայնքների վրա հիմնված ծառայությունների ապակենտրոնացման արդյունքում` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որը կարող է հասնել էլիմինացման թիրախին»,- նշել է Էյմոն Մերֆին:

 

Կարևորվել է նաև բնակչության իրազեկումը ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման դեպքում կիրառվող հակառետրոսվիրուսային բուժման արդյունավետության մասին, ինչը թույլ է տալիս կանխել վիրուսի փոխանցումն առողջ մարդուն:

 

Հանդիպմանը քննարկվել են ՄԻԱՎ-ի տարածվածության կանխարգելմանն ուղղված առաջիկա միջոցառումները, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցությունը:

333