Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպումը վերապահել Գնահատման և թեստավորման կենտրոնին (ԳԹԿ):
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ բուհերին բողոքարկման գործընթացը վերապահելը խնդրահարույց էր, քանի որ ծրագիրը առաջին անգամ գործարկելու ընթացքում 2023 թվականին ի հայտ են եկել կողմնակալ մոտեցումների մասին տեղեկություններ, որը ստվերում է կամավոր ատեստավորման գործընթացի հեղինակությունը և նվազեցնում է շահառուների մոտիվացիան, ուստի ԳԹԿ-ի կողմից բողոքարկումն իրականացնելը ավելի նպատակահարմար է։
Նշենք, որ հանրակրթության ոլորտում ևս բողոքարկման գործընթացը հանձնարարված է ԳԹԿ-ին։
Միաժամանակ, 2023 թվականին միջոցառման գործարկման ընթացքում առաջացած խնդիրներով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև գործող կարգով սահմանված ժամկետները։
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նշված ուղղություններով թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, միջոցառման կառավարման մեխանիզմները։