Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավն ավարտվել է. երկրում լռության օր է սկսվել:

Ինչպես ասվում է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի հայտարարության մեջ, «բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին և նրանց համախոհներին խնդրում ենք ձեռնպահ մնալ հատկացված ժամկետի ավարտից հետո ի պաշտպանություն թեկնածուների քարոզչական միջոցառումներից, ինչպես նաև քվեարկության օրը չկրել քարոզարշավի որևէ խորհրդանիշ»։

Նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ կմտնեն ընդհանուր առմամբ հինգ քաղաքական գործիչներ։ Նրանց թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ) և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը (ռեֆորմիստ)։ 

Նախընտրական քարոզարշավին հատկացված երկու շաբաթվա ընթացքում թեկնածուների միջև կայացել է հեռուստաբանավեճի հինգ փուլ։ Դրանցից յուրաքանչյուրը նվիրված էր կոնկրետ թեմայի՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն և կառավարության արդյունավետության բարձրացում։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում անցկացված սոցհարցումների վերջին արդյունքների համաձայն՝ Մասուդ Պեզեշկիյանն այժմ առաջատար դիրքերում է։ Պահպանողականներ Ջալիլին և Ղալիբաֆը համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Դրանք տեղի են ունենում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով։

94