Այս պահի դրությամբ մենք կարող ենք ֆիքսել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները  մեկ մակարդակ ավելի բարձր  են, քան, օրինակ, հայ-վրացական հարաբերությունները, որը վերջերս  բարձրացավ ռազմավարական երկխոսության մակարդակի․ երկուսի դեպքում էլ իհարկե ողջունելի է, իսկ ռազմավարական գործընկերությունը, որի մասին հայտարարել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, արդեն համատեղ գործընթացների, ծրագրերի, նպատակների մշակումն է, իրագործումը և տարբեր միջազգային կազմակերպություններում համատեղ աշխատանքը ու միանշանակ դիրքորոշման արտահայտումը։

Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը, հույս հայտնելով, որ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ կամրապնդի հարաբերությունների այս նոր կարգավիճակը ինստիտուցիոնալ առումով, որպեսզի անկախ նրանից, թե ինչ զարգացումներ տեղի կունենան նախագահական ընտրությունների արդյունքում՝ մենք ունենանք ձևավորված հարաբերություններ այդ երկրի հետ։

Բլեյանը անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որ երկու երկրների այդ համագործակցությունը կամրապնդի ՀՀ ինքնիշխանությունը, կարծիք հայտնեց, որ դա լրացուցիչ շատ կարևոր  լծակ կհանդիսանա և կավելացնի Հայաստանի տեսակարար կշիռը  Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների  հետ բանակցություններում։

Զրուցակիցը մեկնաբանելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի այն հայտարարությունը, որ նոր ատոմակայանի կառուցման հարցում գնդակն ԱՄՆ դաշտում է և որ պրոցեսը մտել է առարկայական փուլ, ասաց․ «Որքան հնարավոր է պետք է ապառուսականացնենք մեր էներգետիկ դաշտը և հնարավորինս դիստանցավորվենք ՌԴ-ից , որը օգտագործում է մեր էներգետիկ   կախվածությունը որպես լծակ։ Ես տեղեկություն ունեմ, որ նաև Ֆրանսիայի և Հարավային Կորեայի հետ ենք այդ հարցը քննարկում և մեկը մյուսին չեն խոչընդոտում, որովհետև մի տեղ խոսքը գնում է մի տեսակի ատոմակայանի մասին, իսկ մյուս դեպքերում՝ մոդուլային կայանների մասին։ Ու շատ կարևոր է, որ «հավկիթները» տարբեր զամբյուղներում տեղադրված լինեն, որպեսզի մենք կախվածություն չունենանք մեկ այլ երկրից»։

Հարցին՝ հնարավո՞ր է նոր ատոմակայանի կառուցումը կարևոր գործոն է սևծովյան ստորջրյա մալուխի նախագծին Հայաստանի միանալու առումով, Բլեյանը պատասխանեց․ «Այդ առումով ես միայն կողջունեմ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան իրար հետ կապվել նաև տնտեսական պրոյեկտներով, քանի որ տնտեսական հարաբերությունները երաշխիք են, որ կողմերից ոչ ոք չի ցանկանա ռազմական ագրեսիայի գնալ․ երբ կան տնտեսական շահեր՝ շատ քիչ հավանական է, որ կողմերը գնան ռազմական ագրեսիայի, եթե նույնիսկ Ադրբեջանը ավտորիտար է, Հայաստանը՝ ժողովրդավար։

Ցանկալի է, որ գտնենք լուծումը, որով կկարողանանք Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ, որպեսզի, ի վերջո, հարաբերությունները կարգավորվեն և նաև Թուրքիայի հետ սահմանները ամբողջությամբ կբացենք․ այդ առումով մենք պետք է հասկանանք, որ ոչ թե խոսքը հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական բարեկամության մասին է կամ  նախկինում կատարված ոճրագործությունները մոռանալու մասին, այլ՝ ինչպես անել, որպեսզի  ապագայում այսօրվա հայաստանցու և  ապագա սերունդների կյանքը ապահովագրվի։ Դա ինձ թվում է շատ ավելի կարևոր է և ես վստահ եմ՝ այն բազում զոհերը, որ մենք ունեցել ենք, չէին ուզի, որ հանուն իրենց հիշատակի  մենք կործանենք ՀՀ պետականությունը և նոր զոհեր բերենք։ Մենք ունեցել ենք զոհեր, որ ապրող հայը շարունակի ապրել, ոչ թե գերադասի զոհվել կամ արտագաղթել»։

 

 

 

 

 

 

336