Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին օրերին շատ է խոսվում, որ ԼՂ-ից բռնագաղթած մեր հայրենակիցների նկատմամբ գեներացվում է ատելության խոսք․ Araratnews-ի հետ զրույցում «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը նշեց, որ վերջերս էլ գյումրեցիների նկատմամբ ականատես եղանք նման քարոզչության, որովհետև կան մարդիկ, որոնք սխալմամբ կարծում են, որ եթե այս կամ այն մարդը չի կիսում իր քաղաքական կամ աշխարհաքաղաքական կամ ընդհանրապես նույնիսկ սոցիալական դիրքորոշումները, ապա կարելի է այդ մարդու հանդեպ ուղղել ատելության խոսք․ «Բայց իհարկե, եթե խոսում ենք արցախահայերի մասին, ապա միանշանակ է, որ այստեղ կա ուղղորդվածություն, որովհետև կան շրջանակներ, որոնք հետաքրքրված են, որ այստեղ լինեն պառակտումներ հասարակության տարբեր շրջանակների միջև։ Եվ իհարկե արցախահայերը ամենալավ թիրախն են այդ առումով եւ հրահրել ատելություն արցախահայերի նկատմամբ որոշ շրջանակների մոտ ավելի լավ է ստացվում, քան դիցուք գյումրեցիների նկատմամբ՝ կապված օրինակ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հետ»։


Հարցին՝ ինչպես կմեկնաբանի պնդումները, թե ՀՀ իշխանություններն են ատելության խոսք տարածում արցախցիների նկատմամբ, Բլեյանը պատասխանեց․  «Ես կոնկրետ չեմ տեսնում իշխանության կողմից որևէ այդպիսի ուղղորված պառակտում կամ տարանջատում արցախցու և այլ հայաստանցու միջև, հակառակը՝ իրենք ընդհանրապես դրանով հետաքրքրված չեն, այլ հետաքրքրված են, որպեսզի հնարավորինս միասնականություն լինի եւ չլինեն ինչ-որ խժդժություններ, որոնք կբերեն հասարակական կարգի խախտման, դա բնական է»։


Անդրադառնալով ԼՂ նախկին պատգամավորների կողմից Սահմանադրության հնարավոր փոփոխմանը և նախագահ ընտրելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ նա կարծիք հայտնեց, որ դա նույնն է, եթե մենք, օրինակ, Ազգային ժողով հրավիրենք Նախիջևանում և փորձենք այնտեղ Ազգային ժողովի նախագահ կամ Հանրապետության նախագահ ընտրել, նույնը Կարսում և այլն։


«Այսինքն, անտրամաբանական է խոսել մի քաղաքական երևույթի մասին, որն այլևս չկա, և որտեղ վերադառնալն այս պահին անիրատեսական է. Ձեր նշած ԼՂ նախկին պատգամավորը, որ այդ գործողությունները փորձում է անել, դա ոչ թե ուղղված է նրան, որպեսզի արցախահայերը վերադառնան Արցախ կամ Արցախի Հանրապետությունը դառնա նորից Արցախի Հանրապետություն, այլ դրանով ուզում են հրահրել, որպեսզի Իլհամ Ալիևը կարողանա ասել՝ այ ձեզ մոտ տեսեք, նորից ռևանշիստական ուժեր են ի հայտ գալիս, այդ պատճառով է, որ իմ պահանջն է, որ դուք ձեր Սահմանադրությունից հանեք անկախության մասին հռչակագիրը։ Եվ այսպես շարունակ, իրենք սինխրոն աշխատում են և աղերս չունի այն պնդումների հետ, որոնք իրենք առաջ են բերում, այն գործողությունները, որոնք իրենք կատարում են։ Ի՞նչ է նշանակում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, որտե՞ղ է դա գտնվում, վտարամդի Կառավարությու՞ն է․ ինչպես կարող ենք մենք թույլ տանք, որ ՀՀ ներսում լինի մեկ այլ պետություն, դա այն կազուս բելլին է, որը Ալիևին պետք է, որպեսզի ռազմական գործողությունների գնա Հայաստանի Հանրապետության դեմ»։

Ինչ վերաբերում է հնարավոր իրավական հետևանքներին, Առնոլդ Բլեյանը նշեց, որ իրավապահ համակարգը պետք է դեռ 2018 թվականից գործեր և ավելի ճիշտ կլիներ, եթե ԱԺ-ն իրավաքաղաքական գնահատական տար իշխանության ուզուրպացիային 1999 մայիսից մինչև 2018-ի մայիս․ «Այդ գնահատականը կարգելեր, որպեսզի նախկինում իշխանության և դրա մաս եղած կուսակցությունները, տարբեր դեմքեր կամ դրանց հետ ասոցացված տարատեսակ փորձագետները քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենան»։


Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ի վերջո ինչ են ուզում այն մարդիկ, որոնք ուզում են երկրի ներսում նոր երկիր ստեղծեն․ «Ես կարծում եմ, որ դա 5-րդ շարասյան ներկայացուցիչներն են, 5-րդ ռազմական էշելոն, այսինքն՝ 4 էշելոն դրսից են հարձակվում ՀՀ-ի վրա և 5-րդ շարասյունը ներսից պառակտիչ գործողություններ է անում երկրի ներսում․ եթե իրենք ուզենային զբաղվել հայանպաստ գործունեությամբ, դեռ երբ կար Արցախի Հանրապետությունը՝ իրենք զուսպ չէին գտնվի ռուսական խաղաղապահների նկատմամբ, մյուս կողմից իրենք ողջունեցին իշխանազավթումը ու այդ նույն ուժերը ու նրանց սատարող ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները ողջունեցին այդ պալատական հեղաշրջումը ու ասացին՝ դա պետք է տեղափոխել Հայաստան, ու 10 օր չանցած լուծարվեց ԼՂ-ն։ Եվ հիմա ուզում են նույնը պրոյեկտել Հայաստանի պարագայում և սա է, որ մենք պետք է կասեցնենք, որովհետև գործում են պետության դեմ, ինչն անթույլատրելի է և չեն կարող մի քանի հոգի հավաքվել և ասել, որ մենք ինչ-որ երկրի տարածքի նկատմամբ ունենք այս կամ այն նկրտումները։ Պետք է ռեալիստ լինել՝ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետություն չկա, որքան էլ ցավալի է հնչում։ Իրենք կարող են իրենց պաշտոններ թագադրել, բայց չկա այդ հանրապետությունը»։


ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչների պահանջներից խոսելով, զրուցակիցն ասաց, որ այդ մարդիկ կոնկրետ չեն ասում, թե ինչպես են պատկերացնում իրենց վերադարձը կամ որ երկրի խաղաղապահ ուժերը պետք է դա ապահովեն․ «Այս ամենի իմաստը նրանում է, որ մենք տեսնում ենք Ադրբեջանի ամենօրյա ռեժիմով մեղադրանքներ են հնչում, որ Հայաստանը խախտել է հրադադարը, բայց գիտենք, որ հակառակն է լինում, հաճախ այդ կրակոցներն ընդհանրապես չկան։ Այսինքն՝ նորից գալիս է 5-րդ շարասյան գործելաոճը, իրենք դրսից են աշխատում, այս պառակտիչ ուժերը ներսից են գործում, որովհետև անբովանդակալից քաղաքական պահանջներ ներկայացնելը նշանակում է, որ իրականում կա ենթատեքստ՝ խժդժություններ ստեղծել Հայաստանում, ոգևորված են նաև Գյումրիի ընտրությունների արդյունքներից, և այստեղ ես հարցեր ունեմ իրավապահներին, թե ինչպես է պատահում, որ այլ ժողովրդավարական երկրներում նման գործելաոճը կասեցվում է, բայց մել մոտ դա հանդուրժվում է և կոչվում ժողովրդավարություն»։

Գեղամ Ադյան
 

553