Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է խստացնել գետային ավազի և խճաքարի արդյունահանման գործընթացի վերահսկողությունը՝ հատկապես սահմանային գոտիներում։

Նախագիծը ԱԺ-ին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։

«Նախագծով սահմանվել է նաև գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք: Ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքը ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառն է, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ընդերքօգտագործողի գործունեությունը կասեցնելու նպատակով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան տեղեկատվությունը՝ հիմնավորող փաստաթղթերով»,- ասաց նա:

Գետի հունի փոփոխության վտանգը կանխարգելելու նպատակով նախատեսվում է գետավազի հուների արգելապատնեշների կառուցապատման նպատակով մեկանգամյա թույլտվություն տրամադրել:

«Մեկանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, աշխատանքների իրականացման տևողության ծավալի վերաբերյալ տեղետատվությունը փոխանցել տեսչական մարմնին աշխատանքները սկսվելուց 3 օր առաջ»,- ասաց նա:

Սահմանվել է նաև վարչական պատասխանատվություն գետի հունից ավազի արդյունահանում իրականացնելու դեպքում 20 մլն դրամի չափով: Ընդերքօգտագործման իրավունքի գործողության ընթացքում նույն արարքը կրկին կատարելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը ենթակա է դադարեցման:

Սահմանվել է՝ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես GPS համակարգով կահավորված և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով: Պահանջը խախտելու դեպքում նախատեսվում է շուրջ 5 մլն դրամի չափով վարչական պատասխանատվություն:

207