Եվրասիական զարգացման բանկը 200 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի համար։ Վարկային համաձայնագրի ստորագրումը հավանության արժանացնելու հարցը ներառված է կառավարության հուլիսի 25-ի նիստի օրակարգում։
Նախատեսվում է, որ թունելի երկարությունը կլինի 7 կիլոմետր, ևս 4 կիլոմետր մոտեցող ճանապարհներ կվերակառուցվեն։ Ծրագրի նպատակը «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն է ու վթարայնության նվազեցումը։
Ըստ որոշման հիմնավորման՝ նախատեսված շինարարական ծրագրի արժեքը մոտ 370 միլիոն դոլար է, շինարարությունը կտևի մոտ 6 տարի։ Եվրասիական զարգացման բանկից այս վարկը ՀՀ-ին տրամադրվելու է տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով՝ 20 տարի մարման ժամկետով։
Բացի սա, կառավարությունը ևս 100 միլիոն դոլարի վարկ է ներգրավելու Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից՝ որպես բյուջետային աջակցության վարկ։ Սա ևս տարեկան 4 տոկոս է՝ 20 տարվա մարման ժամկետով։