
ՀՀ կառավարությունը հիմնում է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վերոնշյալ կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր նոր առաջարկվող ատոմակայանների տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև։ Ընկերությունը պետք է ներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։
«Մենք մեր էներգետիկ ոլորտի ռազմավարության մեջ ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո ունենանք առնվազն նույն հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը։
Նա հավելեց, որ փակ բաժնետիրական ընկերությունը կլինի ՏԿԵ նախարարության համակարգման ներքո․ «Այս կազմակերպությունը պետք է դառնա այն կառույցը, որը կիրականացնի ամբողջ շինարարության պրոցեսը որպես իրականացնող պատվիրատու և հսկող մարմին, որից հետո հենց այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործող»։
«Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։
Կառավարությունն ակնկալում է, որ նոր ընկերությունը ստեղծումից հետո 1,5-2 տարի անց կկարողանա եզրակացություն ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում