Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ արվեստի ինստիտուտը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ սեպտեմբերի 10-12-ը կանցկացնի «Սերգեյ Փարաջանով- 100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, գիտական կոնֆերանսի նպատակն է ներկայացնել փարաջանովագիտության արդի վիճակը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում:

Գիտությունների ազգային ակադեմիայում կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Սերբիայի, ԱՄՆ-ի միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Կոնֆերանսի շրջանակում ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության ուսումնասիրության հարցերին նվիրված ևԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտխորհրդի երաշխավորությամբ Սերգեյ Փարաջանովի հոբելյանին ընդառաջ հրատարակված հայ ականավոր կինոգետ Կարեն Քալանթարի “Очерки о Сергее Параджанове” աշխատության 2-րդ հրատարակության (Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան, 2023 թ.), պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի «Տոն, որ միշտ քեզ հետ է» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն աշխատության (Երևան, 2024 թ.), «Tribute to Sergei Parajanov. On the centenary of his birth» հոդվածների ժողովածուի (խմբագիր՝ պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկի, Պոզնան (Լեհաստան, 2024 թ.) շնորհանդեսները:

Միջազգային գիտական կոնֆերանսի արդյունքները կդառնան կարևոր հանգրվան արվեստագիտության, մասնավորապես՝ փարաջանովագիտության ասպարեզում:

 

485