Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» թիվ AA-011664 համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-5 ծրագրի շրջանակներում վերականգնվող Գյումրի-Բավրա 60կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23կմ երկարությամբ։
Ծրագրի նպատակն է նվազեցնել Մ-1 միջպետական նշանակության ճանապարհի երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը, հեշտացնել հայկական արտադրության ապրանքների արտահանումը Վրաստանի տարածքով՝ սևծովյան նավահանգիստների (Փոթի և Բաթումի) միջոցով: Ծրագիրը նաև կբեռնաթափի Գյումրի քաղաքի փողոցային ցանցը տարանցիկ երթևեկությունից (առավելապես ծանր բեռնատար մեքենաների երթևեկության սահմանափակման մասով)՝ լուծելով անվտանգության և բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև կմիացնի Մ-1 ճանապարհը Բագրատաշենի անցակետի հետ՝ Մ-7 ճանապարհով:
Ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումն ու մանրամասն նախագիծը մշակվել են 2016-2017 թվականներին՝ Հարևանության ներդրումային ֆոնդի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ (TA2015011 AM NIF): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի նախագիծը մշակվել է շուրջ յոթ տարի առաջ, անհրաժեշտություն է առաջանում վերանայել և թարմացնել այն:
Այդ նպատակով ԵՆԲ-ի կողմից կնքվող խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում խորհրդատուն կթարմացնի Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական հիմնավորումը և աշխատանքային նախագիծը, այդ թվում՝ կիրականացնի մանրամասն նախագծի փաթեթների վերանայում և արդիականացում, ծրագրի բյուջեի ու նախահաշվի վերանայում և թարմացում, տեխնիկատնտեսական հիմնավորման թարմացում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության պատրաստում, ինչպես նաև մրցութային փաթեթի պատրաստում: