

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ: Այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է: Այդ մասին Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Կողմերը քննարկել են ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգային հարցեր:
«Երկուստեք ամրագրեցինք, որ թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»,- ասաց Պապիկյանը և հավելեց՝ հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը, տարածաշրջանային և միջազգային կայունությանը:
ՀՀ ՊՆ ղեկավարը նաև բարձր գնահատեց Կիպրոսի աջակցությունը Հայաստանին ԵՄ կառույցների և անդամ պետությունների հետ փոխհարաբերություններում:
«Հայ-կիպրական կապերը կարող են իրենց նպաստը բերել կազմակերպության շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին»,- ասաց Պապիկյանը:
Պապիկյանը նաև կարևորեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը, ըստ նրա, նույնպես հիմնված է միևնույն արժեքները կրող երկու երկրների համատեղ նպատակների իրականացմանը և պատրաստությանը՝ մարտահրավերներին դիմակայելու։