Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կներգրավվի հավելյալ 2,7 մլն եվրոյի չափով վարկ՝ Գյումրի քաղաքի Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության ապահովման համար: Այդ մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ համաձայնագիրը վերաբերում է ՎԶԵԲ-ի հետ ՀՀ գործող վարկային համաձայնագրին, որով Գյումրին՝ հատկապես ճանապարհային ցանցը, տարիներ շարունակ վերակառուցվում է: Համաձայնագիրն էֆեկտիվ աշխատել է մինչև այժմ, և 2021 թվականին ներգրավվել է 6 միլիոնանոց վերջին տրանշը՝ նախատեսված փողոցների լուսավորության համար:
«Աշխատանքները մեզ բերեցին այն համոզման, որ միայն լուսավորության փոփոխությամբ Գյումրիում առաջ գնալ հնարավոր չէ, որովհետև լուսավորության փոփոխությունը ենթադրում է նաև մալուխային ցանցի փոփոխություն, այսինքն՝ մալուխները պետք է իջեցվեին ներքև, և մալուխները ներքև իջեցնելու պարագայում խնդիր էր առաջանում ճանապարհի բարեփոխման, այսինքն՝ եթե ճանապարհը հիմնարար չբարեկարգեինք, ապա չգիտեինք՝ մալուխներն ուր պիտի իջեցնեին, և այդ աշխատանքները հարմոնիկ չէին լինի: Դրանից ավելի և զուգահեռ անհրաժեշտություն էր առաջանում մյուս ենթակառուցվածքների՝ ջրի և կոյուղու վերափոխման:
2021-ին մենք դիմեցինք ՎԶԵԲ-ին, որպեսզի համաձայնություն տար, որ մենք այդ լուսավորության կտորը սինքրոնիզացնենք այն չափով, որ կարելի լիներ անել ճանապարհ, նաև զուգահեռ՝ լուսավորություն: Լրացուցիչ ուսումնասիրության կարիք եղավ, և դրա արդյունքում մենք դուրս եկանք 11,7 մլն անհրաժեշտության վրա: Արդյունքում ստացվեց, որ մենք ունեինք դեռ 6 մլն վարկային համաձայնագրով նախատեսված տրանշ, ունեինք 2,7 մլն խնայողություն, որը կարող էինք դնել դրա վրա, ունեինք լրացուցիչ տեխնիկական օժանդակություն և անհրաժեշտություն՝ 2,7 մլն լրացուցիչ վարկային ռեսուրս ներգրավելու, և համաձայնագրի ամբողջ ժամկետը երկարաձգելու, որպեսզի կարողանանք այս 2,7 միլիոնը, 6 միլիոնը և խնայողություններն իրար հետ փաթեթով ավարտել»,- պարզաբանեց նախարարի տեղակալը և հավելեց՝ արդյունքում կերկարաձգվի վերջին տրանշի ժամկետը, որը լրացուցիչ բովանդակություն է կրել:
ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց՝ ջրի կորուստները ո՞ր հատվածներում են հիմնականում լինում, նախարարի տեղակալն արձագանքեց՝ ոչ թե մագիստրալային ջրատարներում, այլ բնակավայրային ցանցերում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հատկապես երկրաշարժից հետո ջրային ցանցը վնասվել է. «Գյումրիում մենք խմելու ջրատարները չենք վերակառուցում, մենք Գյումրիի թաղամասերում ջրատարները նորից կառուցում ենք»: