Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը առաջարկում է ավելի խստացնել ավտոպահեստամասերի գողության համար նախատեսված պատիժը։ ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նա նշեց, որ ներկայումս նախագիծ է պատրաստվում, որը պետք է դրվի շրջանառության մեջ։ 

«Նախագիծը տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության հանցակազմն ավելի ծանրացնելու մասին է, որը հնարավորություն կտա ավելի լուրջ վերաբերվել և դատական պրակտիկայում խիստ միջոցներ կիրառել՝ ազատության սահմանափակում և այլն։ Շուտով այդ նախագիծը կդնենք շրջանառության մեջ։ Ներքին գործերի նախարարության գործընկերներն օգնել են ինձ այդ աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նույնպես կարծում է, որ նման հանցատեսակների համար նախատեսված պատիժը պետք է խստացվի։

«Ունենք խումբ, որոնց 10 անգամ բռնել ենք կողային ապակիներ, ավտոպահեստամասեր գողանալու համար, և նույն մարդիկ շարունակում են իրենց գործունեությունը։ Պետք է խստացնել պատիժը»,- եզրափակեց Ղազարյանը։

 

317