
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հոկտեմբերի 16-ին ելույթ ունենալով Գերագույն ռադայում, խոսել է իր «հաղթական ծրագրի» մասին, որով սեպտեմբերի վերջին մեկնել է ԱՄՆ։ Մինչ այժմ այս պլանը հրապարակային չի ներկայացվել։ Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածներից։
«Պատերազմը կարող է ավարտվել հաջորդ տարի, եթե իրականացվի պլանը», - ասել է Զելենսկին։
«Հաղթանակի ծրագիրը» բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հայտից՝
Առաջին կետը աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրել «հիմա»։
Երկրորդ կետը պաշտպանությունն է. Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակում և նրա տարածքներին հարվածներ հասցնելու սահմանափակումների վերացում, գործընկերների հետ ռուսական ավիացիայի համատեղ ոչնչացում, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործման ընդլայնում և դաշնակցային հետախուզության հասանելիություն: Այս կետն ունի գաղտնի հավելված։
Երրորդ կետը զսպումն է. Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղադրել որոշակի ոչ միջուկային զսպման ռազմավարական փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանից ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար (նույնպես կա գաղտնի հավելված, որն արդեն ստացել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի լիդերները):
Չորրորդ կետը Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացումն է և պատժամիջոցների ուժեղացումը (կա գաղտնի հավելված, որը փոխանցվում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին):
Հինգերորդ կետը նախատեսված է հետպատերազմյան ժամանակաշրջանի համար. պատերազմից հետո ուկրաինացի զինվորականները կարող են օգտագործել իրենց փորձը ՆԱՏՕ-ի և Եվրոպայի պաշտպանությունն ուժեղացնելու համար, ուկրաինացի զինվորականները կկարողանան փոխարինել ամերիկյան զորախմբի մի մասին Եվրոպայում, ասել է Զելենսկին։