Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որից առաջ բնակիչներին տարհանման հրահանգ էր տրվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորում է «Հըզբոլլահ»-ի օբյեկտները։

Այս հարվածներից առաջ ԱՄՆ-ն հերթական ջանքերն էր նախաձեռնել Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի հաստատման համար։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, Լիբանանի պաշտոնյաների և վերլուծաբանների մոտ հրադադարի հաստատման հույսերը նվազել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի 31-ին հաղորդվեց, որ Իսրայելում գտնվող Լիբանանի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնը չի մեկնի Բեյրութ։ 

Լիբանանում հակամարտությունը սրվել է վերջին հինգ շաբաթների ընթացքում, երբ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել «Հըզբոլլահ»-ի օբյեկտներին։ Վերջին մեկ տարվա ընթացքում, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ, փոխադարձ գնդակոծություններ էին տեղի ունենում նաև Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում զոհվել է ավելի քան 2800 մարդ, որոնց մեծ մասը՝ վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում։

Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս էր հայտնել, որ առաջիկա օրերին կհայտարարվի հրադադարի մասին։

183