Նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարցազրույցում անդրադարձել է British Petroleum–ի հետ ժամանակին իր ունեցած հարաբերություններին:

 

«Իմ հարաբերությունները BP-ի հետ շատ պարզ են․ 2000-ականների սկզբին, երբ առողջությունս վերականգնեցի և այլևս պետական ծառայող չէի, ազատ մարդ էի, զբաղվում էի գործարարությամբ, ինչպես նաև ակադեմիական կյանքով, Քեմբրիջի համալսարանում իմ կենտրոնն ունեի, նաև խորհրդատվական ծառայություններ էի մատուցում:

 

Տարբեր ընկերությունների հետ եմ աշխատել, միաժամանակ այդ տարիներին նաև գլոբալ էներգետիկ խորհրդի հիմնադիրն էի, հետո՝ նախագահը: Այդ խորհուրդը գործում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Երեք տարի լինելուց հետո ուրիշ նախագահներ եկան: Ինչ-որ իմաստով մասնագիտացած էի ժամանակակից տեխնոլոգիաների, տելեկոմի և էներգետիկայի ոլորտներում, և BP-ին ինձ առաջարկեց աշխատել իրենց հետ մեկ կոնկրետ ծրագրի շրջանակներում: BP-ն ծրագիր ուներ գնել ռուսական նավթային հսկա ТНК ընկերությունը: Նախ և առաջ, ես ճշտեցի մեր ռուս գործընկերների հետ, նրանք մեծ ցանկություն ունեին, ուրախ էին, որ ես պետք է լինեմ հենց այդ բանակցող-խորհրդատուն: Ես չէի բանակցում կոմերցիոն իմաստով, խոսքը քաղաքական տարրի մասին է: Ես լծվեցի այդ գործին: Ընդ որում՝ իմ պայմանագիրը շատ հստակ ասում էր, որ ես միայն ա՛յդ հարցով եմ իրենց հետ աշխատում, իմ պահանջով այդ պայմանագրի մեջ հատուկ կետ մտցվեց, որ որևէ մեկն ինձնից չի կարող նույնիսկ կարծիք հարցնել Կովկասի մասին, որովհետև ես այդտեղ շահերի կոնֆլիկտ ունեմ: Այսինքն՝ ես չեմ կարող անկողմնակալ կարծիք տալ, որովհետև հայ եմ, և Հայաստանն ինձ համար ամեն ինչից վեր է: Եվ որևէ մեկը նույնիսկ չի փորձել: 1-2 տարվա աշխատանքի արդյունքում՝ ոչ միայն BP-ի, այլև ռուսական կողմի հետ, ներառյալ Ռուսաստանի արտգործնախարարությունը, էներգետիկայի նախարարությունը, մենք հաջողությամբ ավարտեցինք: Պայմանագիրը ստորագրվեց 2003 թվականի հունիսի 23-ին, ռուս-բրիտանական մեծ բիզնես ֆորումի շրջանակում: Այն ժամանակ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ ջերմ էին։ Այդ ֆորումին, ստորագրմանը ես ներկա էի, ներկա էին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը, նաև BP-ի ղեկավարությունն ու ТНК-ի Միխայիլ Ֆրիդմանը, Վեքսելբերգը, Լեն Բլավատնիկը և մյուսները: Այդ օրը հաջողությամբ ավարտվեց, և դրանով ավարտվեց իմ գործունեությունը BP-ի հետ:

 

Մնացածը հիվանդագին, շատ ցանկալի, ֆինանսավորված ցանկությունների արդյունք է՝ կապել դա ինչ-որ բացարձակ հիմարությունների հետ»,- պատմել է նա

 

Սարգսյանն անդրադարձել է նաև Եվրատլանտյան անվտանգության խորհրդի աշխատանքներին ժամանակին իր ունեցած մասնակցությանը: «Դա նորից 17 տարի առաջ էր, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ստեղծեցին հատուկ հանձնաժողով, որը աշխատեց 2.5 տարի: Դրա նպատակն էր տեսնել, թե ապագայում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, ինչպիսի մարտահրավերներ: Այդտեղ ավելի քան 30 մասնակիցներ կային, որոնց մեջ էին Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին արտգործնախարարներ, ռուսական արտաքին հետախուզության ղեկավարը, ռուսական գլխավոր շտաբի ղեկավարությունը, գեներալներ, որոնք մասնակցել էին Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական  զենքերի կառավարման պայմանագրերի ստեղծմանը: Նույնն էլ ամերիկյան կողմում էր: Եվ տարբեր տեղերից պրոֆեսիոնալների էին հրավիրել: Ինձ հրավիրել էին որպես պրոֆեսիոնալի: Ես հրավիրվել էի որպես անձ: Եթե հայ ես, գուցե նաև մի քիչ էլ հպարտ լինես, որ քո նախկին վարչապետը հրավիրվել  է որպես մասնագետ և էներգետիկ անվտանգության գծով մասնակցում է այս ժողովներին:

 

Ինչ-որ մարդիկ ժամանակ և փող են դրել, գնացել գտել են, որ այդ հսկայական քանակով փաստաթղթերի մեջ կա մի փաստաթուղթ, որը գրել էր խմբի անդամներից մեկը, որ Թուրքիայից էր, նախկին արտգործնախարարն էր` Հիքմեթ Չեթինը: Նա շատ հետաքրքիր մարդ էր, ծագումով՝ քուրդ: Չեթինն իր անձնական կարծիքն էր այդտեղ գրել, որ՝ կարծում է՝ Թուրքիան ապագայում կայսերական հավակնություններ է ունենալու և ուզենալու է ավելի մեծ դեր ունենալ տարածաշրջանում: Սա անձնական կարծիք էր: Մարդիկ, ովքեր գտել էին դա, մեկնաբանել էին, թե՝ տեսեք, պարոն Սարգսյանն այս բոլորի հետ միասին․․․Դավադրության տեսություն, չգիտեմ ինչ... Դա աբսուրդ է, իհարկե: Իրականությունը հետևյալն է՝ մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք 10-15 տարվա ապագային միտված ցանկացած վերլուծության, քանի որ, ցավոք սրտի, պարոն Չեթինի այդ փոքրիկ հոդվածն իրականություն դարձավ, և մենք դրա զոհերից մեկն ենք: Եթե ուշադրություն դարձնեինք ժամանակին, եթե ամեն տարի հսկայական տեմպերով աճող թուրքական վտանգը տեսնեինք, գուցե այս պատերազմին ավելի լավ պատրաստված լինեինք»,- ասել է նա՝ հավելելով,- «Ես աշխատել եմ և՛ ֆրանսիական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական, և՛ չինական, և՛ հնդկական ընկերություններում: Կարող են որոշել, որ ես բոլորի լրտեսն եմ»:

 

74