Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ իշխանությունը բարեփոխումների հարցում ընտրել է էվոլյուցիոն ճանապարհը, որը հատկապես մեր պարագայում երկար կտևի, քանի որ մեր պետականաշինության փորձը շատ հեռու է․ մեր ունեցած ինստիտուտները ձևավորվել են պետականության գիտակցում չունենալով, դրանք ստեղծվել են կոռուպցիան ու կողոպուտը սպասարկելու համար։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով դատաիրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ազատման դիմումներին։

«Այսինքն՝ նախկին ինստիտուտները իրենց հիմքի մեջ հակապետական են։ Ընդհանրապես, էվոլյուցիոն ճանապարհով հնարավոր է դրանք փոխել, բայց պետք է նկատի ունենալ, որ դա երկար ժամանակ է պահանջում, իսկ այդ դեպքում Հայաստանի աշխարհագրությունը ՀՀ-ին թելադրում է ուրիշ մեթոդներ․ եթե դուք անձեր փոխեք ու մեթոդը նույնը մնա՝ միևնույն է նա համակարգի մեջ շատ բան չի կարող փոխել։ Ենթադրելի է, որ այս անձինք, որ հեռացվել են՝ այս մարդիկ լայն մտածողություն չունեն, որ կարողանան լուրջ հարցեր լուծել, բայց նոր անձերի դեպքում էլ մեզ պետք են հեղափոխական մեթոդներ, որոշումներ․ ես առաջարկում եմ ցնցումներից չվախենալ։ Մեր ստեղծված համակարգերը շատ պահպանողական են նորությունների նկատմամբ, դիմադրում են։ Բայց դրանք նաև երեսուն տարվա մշակույթ են ձևավորել կոռուպցիայի, որը էվոլյուցիոն ճանապարհով հաղաթահարելու դեպքում կտևի  հարյուրավոր տարիներ»,- ասաց նա։

Սուքիասյանի խոսքով՝ արդարադատության համակարգը կենսական նշանակություն ունի, բայց ամենաշատն է դիմադրում բարեփոխումներին և պետության զարգացմանը․ «Նախ՝ մեր  օրենսդրությունը լավը չի։ Մարդիկ հարց ունեն, թե ինչպես ստացվեց, որ իրենց պատկերացումներում և նաև իշխանության դիսկուրսում կոռուպցիոների համբավ ունեցող մարդիկ լողացան և որպես օրինապահ քաղաքացիներ դուրս եկան Հայաստանի հետհեղափոխական դատարանների միջոցով։ Մեր օրենսդրությունը պետականաստեղծ չէ, հատկապես քրեական օրենսդրությունը ստեղծված է օրենքով կողուպուտը սպասարկելու համար․ չի կարելի օրենքը մեկնաբանել, ինչը թույլ է տալիս օրենսդրությունը»։

Քաղաքագետը հարց տվեց վարչապետին՝ Դուք 6 տարի բողոքում եք այսօրվա արդարադատությունից, բայց դրա համար ո՞վ է պատասխանատու․ «Անընդհատ չի կարելի  կադրեր փոխել ու ասել չստացվեց, բողոքել։ Եթե նույնիսկ այդպես է՝ գոնե մեկ անգամ թող մեկը պատասխան տա ոլորտի ձախողման համար։ Վարչապետին առաջարկում եմ հրապարակային ժողով անել և, օրինակ, նախկին արդարադատության նախարարներին հարց տա՝ ինչու են ձախողել։ Հայաստանում ոչինչ չի պարզաբանվում, ոլորտը ձախողվել է՝ շնորհակալություն, բարի ճանապարհ, որովհետև մարդիկ գիտեն, որ հնարավոր է պատասխանատվությունից հեշտ խուսափել։ Ու չգիտես ինչու, Հայաստանում ում պաշտոնի են նշանակում՝ հեշտ համաձայնվում են․ չկա մեկը, որ ասի՝ ես դա չեմ կարող անել, ինչու՞ են բոլորը համաձայնվում ու ձախողվում»։

Մեր զրուցակիցը նշեց, որ մենք անցումային պետություն ենք և երբեմն անցումը/բարեփոխումները տապալվում են, որովհետև այն երկար է տեևում ու ժողովուրդը հոգնում է ու հետ է բերում ավտորիտար ռեժիմը․ «Եթե շարունակվի այս ճանապարհը՝ Հայաստանի կողոպտված անցյալը ավելի ավտորիտար տեսքով ու օսլայած դեմքով հետ է գալու։ Մեր ժողովուրդը հոգնել գիտի ու արագ փոփոխություններ է պահանջում․ հիմա հնարավոր է էվոլյուցիոն մեթոդը պահպանել, բայց հեղափոխական իմպուլսներ ու որոշումներ․ մարդիկ պետք է իմանան, որ ձախողելու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու»։

Անդրադառնալով պնդումներին, որ իշխանությունները պատրաստվում են ընտրությունների ու ներիշխանական խնդիրներ կան, Սուքիասյանն ասաց․ «Հնարավոր է դա էլ կա, բայց դրա տոկոսը շատ չնչին է այս ամենում։ Նախ կարծում եմ, որ այսօրվա Հայաստանի մարմնի մեջ սողոսկած ռևանշիզմը, որի վրա գրված է ընդդիմություն՝ ամենաշատը գոհ և շնորհակալ  պետք է լինի Հայաստանի արդարադատության համակարգից, որովհետև իրենց հետ փոխկապակցված անձինք ՝ նախկին նախագահներ և այլն՝ լողացել և դուրս են եկել այս համակարգով։ Իշխանությունը մտածում է, թե ինչպես հաղթահարի հետընթացը՝ կադրեր փոխելով, որոնք էլ խնդիր են, որովհետև չակերտավոր կրթված նախորդ սերունդը նախկինների հետ փչացան գնացին․ այս 6 տարվա ընթացքում այդ համալսարանները չեն փոխվել, որ նոր կադրեր առաջանային․ նույն կոռուպցիոներները մնացին նույն ֆակուլտետներում ու սերունդներ են կրթում ու նոր կադրեր չկան»։

Սուքիասյանը կարծում է, որ  իշխանությունը չպետք է վախենա նոր սերնդից, նոր կադրերից․ «Թող մեկ-մեկ էլ սխալվեն, բայց անցումը կապահովվի։ Բոլոր նախկին պրոֆեսիոնալները պրոֆեսիոնալ ճանապարհով կփակեն Հայաստանի զարգացման ճանապարհը»։

Գեղամ Ադյան

925