Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ինչպե՞ս է պատկերացնում ըմբշամարտն առանց Սպիտակ արջի, արդյո՞ք ըմբշամարտիկը հեռանում է սպորտից, և ո՞ր փուլում է գտնվում օլիմպիական ոսկե մեդալի վերադարձի բողոքարկման հարցը։ Այս մասին զրուցել եմ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ։

ՍՊԻՏԱԿ ԱՐՋԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերում մրցավարների սխալ դատելու արդյունքում նվաճեց իր երկրորդ արծաթե մեդալը` զիջելով իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավիին։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոքով դիմել էր ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային։ Սակայն բողոքարկամանն ի պատասխան՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել էր, որ մրցավարները ճիշտ են դատել։ Այնուհետև ՀԱՕԿ-ը, կցելով Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին։  

- Պարոն Բաղդադյան, այս պահին ո՞ր փուլում է գտնվում օլիմպիական ոսկե մեդալի վերադարձի բողոքարկման հարցը։

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Լոզանի արբիտրաժային  դատարան և մինչ օրս դատական պրոցեսների մեջ ենք։ Հնարավոր է պատասխանը լինի մինչև այս տարվա վերջ։ Նշեմ, որ 2023 թվականին Արթուրը հաղթել էր նույն իրանցի ըմբիշին։ Ի դեպ, զրուցել ենք այլ մրցավարների հետ, նրանք էլ նույն կարծիքին են։ Իսկ թե ինչով էր պայմանավորված մրցավարների կողմնակալությունը, անհասկանալի է։

- Ձեր կարծիքով կա՞ արդարություն։ Մեդալը կվերադառնա՞ տուն։

- Չեմ կարող ասել, դա դատարանում վերջնական արդյունքը ցույց կտա։ Մեր նպատակը ոչ թե իրանցի մարզիկից մեդալը խլելն է, այլ որ արդարությունը հաղթի, և ոսկին վերադառնա տուն։

- Կան խոսակցություններ, որ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է հեռանալ սպորտից և չի ցանկանում մասնակցել 2028 օլիմպիական խաղերին։ Արդյո՞ք դա այդպես է։

- Ոչ, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Արթուրը վաղուց անցել է բնականոն մարզումներին, և հեռանալու մասին խոսակցություն նույնիսկ չի էլ եղել։

- Երբ Արթուրը իսկապես  կավարտի պրոֆեսիոնալ կարիերան, ինչպիսի՞ն եք պատկերացնում ըմբշամարտն առանց Սպիտակ արջի։

- Սպիտակ արջը ըմբշամարտի դրոշակակիրն է, դեմքն է և մեր թիմի լիդերը։ Կարելի է ասել, որ Արթուրն է թիմին իր հետևից տանում։ Այսօր դրա վառ օրինակն են վերջերս Ալբանիայում տեղի ունեցած մինչև 23 տարեկանների և մեծահասակների աշխարհի առաջնությունները։ Առաջնությունների ողջ ընթացքում նա եղել է իր ընկերների կողքին, օգնել բոլորին բոլոր հարցերով։ Հայկ Խլոյանի կողմից U23 աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումն Արթուրի օր ու գիշեր ըմբիշի հետ մարզումների արդյունքն էր։ Արթուրն օրինակ է ծառայում բոլորին իր կարգապահությամբ, մարզումներով ու խորհուրդներով։

- Սպիտակ արջն իր տեսակով եզակի է, կա՞ն արդյոք ըմբիշներ, որոնք ունեն Արթուրի արդյունքները կամ փորձում են հասնել դրան։

- Իհարկե կան մարզիկներ, որոնք շատ լավ են մարզվում և ձգտում են հասնել Արթուրի արդյունքերին, բայց ասեմ, որ բոլորի համար բավականին դժվար է այն կրկնելը, քանի որ Արթուրն այսօրվա դրությամբ միջազգային ըմբշամարտում եզակիներից է, ով օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե։

- Արթուրը կարիերան ավարտելուց հետո տեղ ունի՞ ֆեդերացիայում։

- Այդ հարցը դեռ չի էլ քննարկվել, նա դեռ մարզվում է։ Երբ հարցը հասնի դրան, կզրուցենք Արթուրի հետ և կհասկանանք՝ ինչ է ուզում։ Նա մեր փառաբանված ըմբիշն է, որտեղ իրեն գտնի, այնտեղ էլ կլինի։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԱԲաղդադյանի խոսքերով՝ վերջին տարիներին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում մեդալային հաշվարկով նկատվել է բավականին մեծ փոփոխություն, ինչպես նաև բարելավվել է մարզիկների մարզումների որակը։ Այսօրվա դրությամբ մենք ունենք շատ ուժեղ ըմբիշներ ինչպես հունահռոմեական, այնպես էլ ազատ ոճում։

- Ֆեդերացիան ջանք ու եռանդ չի խնայում առաջ գնալու համար, և այդ հարցում մեծ ներդրում ունեն ֆեդերացիայի բոլոր աշխատակիցները` գլխավոր մարզիչներից մինչև բուժաշխատող և մաքրուհի։ Նախկինում մենք ֆինանսական խնդիրների պատճառով չէինք կարողանում մասնակցել U15 և պատանիների միջազգային մրցաշարերին, իսկ  2018-2019 թվականներից ի վեր արդեն սկսել ենք մասնակցել և գրանցել լավ արդյունքներ։ Իհարկե կան նաև քաշային կարգեր, որտեղ ֆինանսական սղության պատճառով մարզիկներն իրենք իրենց հաշվին են գնում մրցաշարերին մասնակցելու։

Եթե նախկինում պատանիները նվաճում էին 2-3 մեդալ և դա մեզ համար տոն և ուրախություն էր, ապա այսօր արդեն մեդալների քանակն ավելացել է մարզիչների կատարած լավ աշխատանքի և մարզիկների աշխատասիրության շնորհիվ։ Լավագույն արդյունքը եղել է 2023 թվականի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային  մրցաշարում՝ 7 մեդալի նվաճում` 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե։

Ի դեպ, երկու ոճերի մարզիչների և մարզիկների միջև պայքար է գնում, թե ով  ավելի շատ մեդալ կնվաճի, բայց դե ֆեդերացիայի համար կարևորը նվաճած մեդալների քանակն է։

- Կա՞ն արդոք խնդիրներ մեր ըմբշամարտի աշխարհում, և ինչպե՞ս եք պատրաստվում լուծել դրանք։

- Ֆեդերացիայում հիմնական խնդիրը ֆինանսականն է, որը խանգարում է՝ միջազգային ասպարեզում երևալու համար։ Բոլորս գիտենք, որ աշխարհն օր օրի առաջ է գնում, իսկ նրա հետ միասին փոխվում են մարզումների ձևերը, ավելանում են միջազգային և համատեղ մարզումներն ու հավաքները։ Գլոբալ խնդիրներից մեկը մրցումային դահլիճն է այո՛, մենք դահլիճ ունենք, բայց չենք կարողանում պատշաճ ձևով կազմակերպել գոնե ներքին մրցումները։

Առկա ֆինանսական խնդիրներին լուծում տալու համար ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ  աշխատում ենք հովանավորներ ներգրավել, որպեսզի կարողանանք ապահովել մարզիկների մրցաշարերին մասնակցությունը։  Ի դեպ, այս տարի մենք ներգրավել ենք խոշոր հովանավորի, որը մեծ աջակցություն է ցուցաբերում թե՛ ֆինանսական, թե՛ մարզիկների բուժման հարցերում։

Բավականին լուրջ խնդիրներից մեկը, ինչպես ըմբշամարտում, այնպես էլ առհասարակ ամբողջ սպորտի բնագավառում՝ մարզիկների 18 տարին լրանալուն պես բանակ գնալն է։ Իհարկե, բանակում ծառայելը կարևոր է և պարտադիր, սակայն  դա բերում է մարզիկների սպորտից հեռանալուն։ Այսինքն, եթե մարզիկները Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում չեն գրավում մրցանակային տեղեր` 1-5-րդ, ապա նրանց տանում են բանակ։ Իսկ երբ վերադառնում են, արդեն մոռանում են սպորտի գոյության մասին։ Այդպես մենք կորցնում ենք երիտասարդ սերնդին։ Այդ հարցին լուծում տալու համար դիմել ենք կառավարությանը, որպեսզի մրցանակային տեղերը բարձրացնեն գոնե 1-8 առայժմ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում։

- Պարոն Բաղդադյան, 2019 թվականին ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ երիտասարդ սերնդից և քաղաքի մարզադպրոցներից դժգոհ եք։  Այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, և ֆեդերացիան ի՞նչ է արել այդ ուղղությամբ։  Ի դեպ, նշել էիք, որ այդ խնդիրները եղել են նաև մարզիչների որակավորման մակարդակի պատճառով։ Արդյո՞ք հիմա մեր մարզիչները որակավորվել են կամ բարելավել են իրենց մարզչական որակները, թե՞ մինչ օրս այդ խնդիրն առկա է։  

-Այդ խնդիրները մինչ օրս էլ առկա են, և ֆեդերացիան աշխատում է այդ ուղղությամբ։ Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչների և մրցավարների որակավորումը և գիտելիքները բարձրացնելու համար երկու տարի առաջ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպել էինք սեմինար, որից հետո բավականին փոփոխություն նկատվեց։ Նույնը կկրկնենք 2025 թվականին, իսկ այս տարի դեկտեմբերին նախատեսվում է սեմինար անցկացնել հունահռոմեական ոճի մարզիչների և մրցավարների համար։ Հիշեցնեմ, որ սեմինարը նախատեսված է Հայաստանի ըմբշամարտի բոլոր մարզիչների համար։

- Ի՞նչը կնպաստեր մարզաձևն էլ ավելի մասսայականացնելուն։  

-Ըմբշամարտը մասսայականացնելու համար հիմնականում պետք է բարելավել մարզիչների որակավորումն ու գիտելիքները, խթան կլիներ նաև  աշխատավարձերի բարձրացումը։  

-Ի՞նչ գիտելիքների մասին է խոսքը, ի՞նչ գիտելիքներ են անհրաժեշտ մարզիչներին։

-Տեխնիկական գիտելիքներ, ինչպես նաև հոգեբանության հմտություններ, որոնք շատ կարևոր են մարզիչների համար, որովհետև մարզիչը առաջին հերթին պետք է լինի մանկավարժ, որպեսզի կարողանա հասկանալ մարզիկին։ Իսկ դա մեր ամենացավոտ տեղն է երիտասարդ մարզիչների մոտ։ Հասարակ մի բան ասեմ, մարզիչները չեն տիրապետում անատոմիային՝ մարզիկների կառուցվածքը հասկանալու համար, որպեսզի, օրինակ, վնասվածք ստանալու դեպքում արագ կարողանան անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել մարզիկներին։

- Պարոն Բաղդադյան, եթե դպրոցներում հատուկ ըմբշամարտի դասաժամեր լինեին, արդյո՞ք այն կնպաստեր մարզաձևի մասսայականացմանը։ 

- Այո, իհարկե։ Սակայն, ցավոք, մեր դպրոցներում այդպիսի բան չկա և չի նախատեսվում, բայց եթե լիներ, ապա մեծ զարգացում կունենար և ավելի շատ ըմբիշների կկարողանայինք ներգրավել։ Ասեմ, որ Ամերիկայի դպրոցներում ըմբշամարտի համար նախատեսված հատուկ դասաժամեր կան։

- Ֆեդերացիայի ներքո մարզադպրոցներ կա՞ն։

- Ոչ, ֆեդերացիան չունի իր մարզադպրոցները, բոլորը ֆինանսավորվում են պետությունից։ Բայց նաև ֆեդերացիան աջակցում և իր միջոցների հաշվին վարձատրում է այն մարզիչներին, որոնք պետությունից աշխատավարձ չեն ստանում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՑԱՆՑ ՄԵԴԻԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ

- Պարոն Բաղդադյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս են լուսաբանվում միջազգային մրցաշարերը Հայաստանի առցանց մեդիաներում։

- Միջազգային մրցաշարերը շատ վատ են լուսաբանվում Հայաստանի առցանց մեդիաների կողմից, ինչո՞ւ,  որովհետև լրատվականների 99 տոկոսը ըմբշամարտի ֆեդերացիայի սոցիալական հարթակներից է «քոփի փասթ» անում և հրապարակում են իրենց կայքերում։

Եղել են դեպքեր, երբ ֆեդերացիան դեռ միջազգային մրցաշարին մասնակցելու հայտը վերջնականապես չի հաստատել և հրապարակել, բայց մեր հարգելի լրագրողները միջազգային կայքում նախնական հայտ ներկայացրած մարզիկների ցանկը հրապարակում են, և ստացվում է ապատեղեկատվություն, որի հետևանքով երկրպագուներին շփոթության մեջ են դնում։

Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ նախնական հայտում ներկայացվում է մեկ մարզիկի անուն, բայց ունենում ենք երկու թեկնածու, այդ ժամանակ ներքին կարգով անցկացնում ենք ստուգողական գոտեմարտ, ով հաղթում է, նա էլ  վերջնական գնում է մրցաշարին մասնակցելու։  Օրինակ՝ վերջերս աշխարհի առաջնության նախնական հայտում ներկայացրել էինք Պողոսյան Հրաչին, բայց ստուգողական գոտեմարտում հաղթել էր Ասլանյան Կարենը։ Գնաց Կարենը, իսկ լրատվամիջոցներում մնացել էր Հրաչի անունը։

Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեկնարկից մեկ շաբաթ առաջ բաց մարզում ենք իրականացնում հատուկ լրագրողների համար, և այդ ժամանակ հավաքականների գլխավոր մարզիչները հայտարարում են երկու թիմերի կազմը։

- Ի՞նչ առաջարկներ ունեք լուսաբանման հետ կապված։

- Առաջարկում եմ, եթե հնարավոր է, լրագրողները մրցումային վայրից պատշաճ լուսաբանեն գոնե երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները։ Որովհետև տեղում լուսաբանելու առանձնահատկություններն ավելի լավ կկարողանան ներկայացնել երկրպագուներին։

Բացի այդ, լավ կլիներ, որ Հանրային հեռուստաընկերությունը մեծահասակների Հայաստանի առաջնության եզրափակիչ գոտեմարտերը ցուցադրեր ուղիղ եթերով, ինչը ևս խթան կհանդիսանար՝ մարզաձևում նոր սերունդ ներգրավելու համար։ Ավելին՝ կարծում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը կարող էր նաև առնվազն շաբաթական մեկ ժամ տրամադրել սպորտին՝ ցուցադրելով և ներկայացնելով հայ ըմբիշներին, նրանց մարզումները, մրցաշարերին մասնակցելու նախապատրաստական փուլը և այլն։

- Ըստ Ձեզ՝ ինչի՞ վրա է անհրաժեշտ շեշտը դնել։

- Անհրաժեշտ է շեշտը դնել մարզիկներին, մարզիչներին, մարզումներից հատվածներ ներկայացնելու վրա, որպեսզի հանրությանը ճանաչելի լինեն, և դրա միջոցով երեխաները, ծնողները, երիտասադները տեսնեն, շահագրգռվեն և սկսեն հաճախել ըմբշամարտի։

- Ինչպե՞ս են լուսաբանվում օլիմպիական խաղերը։ Ի՞նչ կասեք, օրինակ, 2020 թ Տոկիոյի և 2024 թ Փարիզի օլիմպիական խաղերի լուսաբանման վերաբերյալ։

- Մենք ունենք լրագրողներ, որոնք պատվիրակության հետ մեկնում են մրցավայր՝ տեղում լուսաբանելու համար։ Իհարկե անում են հնարավորինս, բայց այն, ինչ կատարվում է մրցավայրում, հանրությունը չի տեսնում, այսպես ասած՝ ինֆորմացիան շատ քիչ է տեղ հասնում։ Ցանկալի կլիներ, որ լուսաբանվեին նաև մարզիկների էմոցիաները։

- Ի՞նչ ընթացիկ ծրագրեր կան, և ապագայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսում։

- Մարզիչների հետ համատեղ արդեն սկսել ենք մշակել 2025 թվականի օրացուցային պլանը։ Գրում և ներկայացնում են իրենց հավաքականների անելիքները՝ ինչպես պետք է նախապատրաստվեն 2025 թվականին, որը կլինի 2028 թվականի օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը, որովհետև սկսվում է օլիմպիական խաղերի քառամյա ցիկլը, և ամեն ինչ կանենք, որպեսզի օլիմպիական մեդալների գույնը փոխվի և քանակը ավելանա։ Օլիմպիական խաղերի վարկանիշ կտան 2027 թվականի աշխարհի առաջնությունը և 2028 թվականի մրցաշարերը։  

-Պարոն Բաղդադյան, շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Եկեք մաղթենք ֆեդերացիային  նորանոր ձեռքբերումներ և ըմբիշներին հաղթանակներ։

Զրուցեց Թագուհի Մանուկյանը

 

 

401