
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ժամանակ հայտարարել է, որ 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր հազարավոր զինվորները, սպաները, գեներալները հերոսական կռիվ են տվել, բայց, ցավոք, այն ճեղքվել է՝ հանգեցնելով աղետի.
«Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, եւ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:
Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ»: