Հայաստանում բուժաշխատողների շրջանում իրականացվել է COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն՝ հայտնում են առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով արդյունքների համառոտ նկարագրություն: 

 

«Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։

Տվյալների  հավաքագրումն իրականացվել է 2020 թ. հունիսի 12-ից հուլիսի 16-ը։ Մեկ հիվանդանոցում՝ մայիսի վերջին:

 

Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն։ Նրանցից 14,98%-ի մոտ հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ:

 

Հարցմանը մասնակցել են 774 բուժաշխատողներ 13 բուժհաստատություններից` 3 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն:

Հիվանդանոցների բուժանձնակազմից հետազոտության մեջ ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 769 հոգի, որոնցից 18.5%-ի մոտ (n=142) հայտնաբերվել են COVID-19-ի դեմ հակամարմիններ։

ԱԱՊ օղակի բուժհաստատություններից հետազոտության մեջ ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 379 հոգի, որոնցից 7․9%-ի մոտ (n=30) հայտնաբերվել են COVID-19-ի դեմ հակամարմիններ։

Նախկինում COVID-19 հիվանդություն ՊՇՌ տեստով հաստատված 31 մասնակիցներից 77.4%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, մինչդեռ 22.6%-ի մոտ չեն հայտնաբերվել:

 

ՊՇՌ տեստով հաստատված COVID-19 հիվանդություն ունեցողների համամասնությունը հիվանդանոցի բուժաշխատողների մոտ ամենամեծը եղել է ապրիլ ամսին, իսկ ԱԱՊ հաստատությունների բուժաշխատողների մոտ՝ մայիս ամսին: Այսինքն՝ երբ նրանք նոր սկսել են զբաղվել COVID-19 հիվանդների բուժմամբ և բավարար փորձ չեն ունեցել պաշտպանիչ հանդերձանք կրելու:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում միջինում մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում ՊՇՌ հաստատված COVID-19 տարածվածությանը: Հիվանդանոցում այդ տարբերությունը ավելի մեծ էր (4.0 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն), քան ԱԱՊ օղակում (2.3 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն):

 

Ըստ հետազոտության արդյունքների` հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ էր, քան ԱԱՊ օղակի մնացած մասնագիտական խմբերում։

 

Համաձայն հետազոտության նախնական տվյալների` COVID-19-ին բնորոշ հիմնական ախտանշանների մեծամասնությունը, ներառյալ՝ կոկորդի ցավ, հազ, դժվարացած շնչառություն, ջերմություն, հոգնածություն, մկանացավ, հոդացավ, համի և հոտի զգացողության կորուստ, ախորժակի կորուստ և փորլուծություն, ավելի շատ հանդիպել են COVID-19 հակամարմիններ ունեցող մասնակիցների խմբում, քան հակամարմիններ չունեցող խմբում (վիճակագրորեն հավաստի տարբերությամբ)։ 

 

Ըստ հարցման արդյունքների` մասնակիցների ճնշող մեծամասնությունը հետևում է վարակի վերահսկման և կանխարգելման հիմնական միջոցառումներին:

 

Ծրագիրը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի համատեղ ջանքերով։

 

Հետազոտական թիմը շնորհակալություն է հայտնում՝

հետազոտության մասնակիցներին և հետազոտությանը մասնակցած բժշկական հաստատություններին՝ իրենց տրամադրած ժամանակի, համագործակցության և աջակցության համար.

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժքույրերին և լաբորատորիայի անձնակազմին.

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրին (UNAIDS) հետազոտության համար թեստեր ձեռք բերելու, լաբորատոր և դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման համար.

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտին տվյալների հավաքագրման փուլում կազմակերպչական և դաշտային աշխատանքներին աջակցելու համար։ 

1047