Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մուշեղ Մուրադյանը իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից և ինքը պիտի մեկնաբանի, թե ինչի համար. գուցե անձնական հարցեր կան, չեմ կարող ասել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով այդ պաշտոնից Մուշեղ Մուրադյանին ազատելուն:

«Եթե կառավարությունը ինքը ազատեր պարոն Մուրադյանին, կառավարությունը պիտի մեկնաբանություն տար, թե ինչի համար է ազատել, բայց պարոն Մուրադյանը ինքն է դիմում գրել, գուցե և կան անձնական հարցեր, որոնք, բնականաբար ինքը չի բարձրաձայնելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախորդ կառավարության նիստի ժամանակ Մուրադյանը կառավարության շենք էր մտնում որպես Շիրակի մարզպետ և իր համար տարակուսելի էր, որ ինքը ազատվելու է աշխատանքից, բայց կես ժամ հետո պարզվեց, որ դիմում է գրել, Առուշանյանն ասաց. «Ես չեմ կարող հիմա մեկնաբանել, պարոն Մուրադյանը ինչ ձևով է մտել կառավարության շենք և ինչ ձևով է դուրս եկել։ Ես կարող եմ մեկնաբանել իմ գործողությունները և այն անելիքը, որ ես անելու եմ:

Մեծ պատասխանատվությամբ ծառայելու եմ մարզին, քաղաքին  և Հայաստանի Հանրապետությանը:

Իմ առջև դրված միակ խնդիրը՝ ծառայել Շիրակի մարզին արդար, ազնիվ: Մութ խնդիրներ չկան դրված, ինչ պարտականություններ, որ ունի Շիրակի մարզպետը, լիարժեք կատարել մեծ պատասխանատվությամբ: Ես նաև մեծ հպարտությամբ եմ կատարելու այդ պարտականությունները և ամենակարևորը՝ ազնիվ ու արդար»:

Անդրադառնալով Գյումրիում արտահերթ ընտրություններին, Դավիթ Առուշանյանն ասաց. «Գյումրիում արտահերթ ընտրությունները լինելու են մարտի վերջին, հիմա գնամ Գյումրի, հասկանամ մեր թեկնածուն ինչ աշխատանքներ է տարել: Այս պահին առաջնային խնդիրը արտահերթ ընտրությունները չեն, առաջնային խնդիրը քաղաքում այս 2-3 ամսում կուտակված հարցերն են՝ քաղաքացիների դիմումներ, շինթուլտվություններ, ապօրինի շինություններ, բացօթյա առևտուր, գումարների հավաքագրում և այլ վարույթներ: Ժամանակ կա, կհասցնենք նաև պատրաստվել արտահերթ ընտրություններին:

Քաղաքը երեք ամիս կառավարում չի ունեցել, դե պատկերացրեք Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, ինչքան խնդիրներ կուտակված կլինեն»:

285