

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ուզում եմ հիշեցնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաև ՀՀ սահմանին՝ Թուրքիայի և Իրանի հետ, ռուս սահմանապահները տեղակայվել են ժամանակավոր և նրանք իրենց ծառայությունն են ըստ էության մատուցել ՀՀ-ին, քանի դեռ ՀՀ-ն չի կարողանա կազմավորել այն բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և հմտությունները, որոնցով կկարողանա ապահովել ինքն իր սեփական ուժերով», - այս մասին 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահների ներկայությունը կրճատելու հարցին:
«Հիմա մենք ինչ-որ պահի շնորհակալություն ենք հայտնել ռուսական սահմանապահ ծառայությանը և ասել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլևս կարող ենք ինքնուրույն հոգալ այդ հարցը: Այնուհետև մենք ինչ-որ փուլում նաև ստանձնել ենք ամբողջական վերահսկողություն Հայաստանի և Իրանի միջև գործող անցակետի նկատմամբ և սա մի կողմից մեր կարողությունների ձևակերպման մասին է խոսում, մյուս կողմից՝ երկու երկրների վստահության բարձր մակարդակի վկայությունն է»:
Անդրադառնալով հարցին՝ կա՞ արդյոք նախաձեռնություն վերանայելու, փոփոխելու ռուսական բազայի մասին պայմանագիրը, նախարարն ասաց, որ օրակարգում ռուսական ռազմաբազայի տեղահանման մասին հարց չկա: