Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում՝ ներկայացնելով 2024 թվականին սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները:
«Տարին, իհարկե, օլիմպիական էր, որտեղ արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին կուզենայինք, որ լինեին: Ունեցանք 4 մեդալ, և, կարծում եմ, մեր մարզիկներն արեցին առավելագույնը, որպեսզի արդյունքները լինեն լավագույնը: Շնորհակալ եմ նաև ցուցաբերած ջանքի ու գրանցած արդյունքների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ շարունակվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման ծրագրերը։
«Փարիզ-2024-ից առաջ վերջին ամսում յուրաքանչյուր մարզիկի մինչև 1 մլն դրամ է հատկացվել՝ Օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համար»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:
ՀՀ կառավարությունը շարունակում է միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությունը․ հաստատվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հայտը:
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 խոշոր մրցաշար: Դպրոցներին տրամադրվել են շուրջ 6.500 հեծանիվ:«Այժմ իրականացնում ենք նաև հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումներ, որպեսզի տեղերում հեծանիվներն ակտիվ օգտագործվեն, ոչ թե կիրառվեն միայն «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ստեղծվել է սպորտի կառավարման կենտրոնը:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ սպորտի ոլորտում մասնավորի հետ համագործակցության տարբեր ծրագրեր են գործում՝ ինչպես մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման, այնպես էլ գործող լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների կազմակերպման ուղղությամբ։
«Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, իսկ այժմ, հաշվի առնելով մասնավորի հետ քննարկումները, որոշ փոփոխություններ են իրականացնում՝ լավարկման նպատակով: Այս տարի, վստահ եմ, ծրագիրն ավելի մեծ թափով կշարունակվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։