Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի մետրոպոկիտենից մեկնաբանել են տարեց քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությունը՝ նշելով, որ հրապարակում արած քաղաքացին ապատեղեկատվություն է տարածել:
Նշենք՝ սոցցանցում քաղաքացիներից մեկն ահազանգ է հրապարակել այն մասին, որ մետրոյի Բարեկամություն կայարանի աշխատակիցը չի բացել տուրնիկետը տարեց ուղևորի համար, որի QR կոդը սարքը մերժել է: Ըստ գրառման՝ աշխատակիցները նրան ստիպել են գնալ ու նոր կտրոն ձեռք բերել:
«Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել, և անցարգելը չի ընդունել։
Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ-ն Սուրեն Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR, պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը, և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։
Նման չհիմնավորված և մետրոպոլիտենի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար»,- ասված է պարզաբանման տեքստում: