![](https://araratnews.am/admin/images/1738850592.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ովքե՞ր են պատասխանատվություն կրում և պարտավորվում լուծել բազմաբնակարան շենքերում ջրահեռացման և կոյուղաջրերի խողովակների վթարների հետևանքներով առաջացած խնդիրները:
Ի՞նչ օրենքով և նորմաներով են կարգավորվում դրանք։ Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է փաստաբան Հասմիկ Բալաբեկյանի հետ:
«Իրականում այս հարաբերությունները մի քանի օրենսդրական կարգավորումների դաշտ է: Կարգավորվում է՝ բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքով, քաղաքացիական օրենսգրքի վնասի հատուցման դրույթներով (գլուխ 60), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2016-ին ընդունված N378 որոշմամբ (խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման կանոններ սահմանելու մասին), ինչպես նաև էլեկտրամատակարարման պայմանագրի դրույթներով, որոնք կիրառելի են նաև ջրամատակարարման և ջրահեռացման դրույթների նկատմամբ:
Հանձնաժողովի նշված որոշման 1-ին հոդվածում մատնանշվում է՝ «սահմանազատման կետ» հասկացություն, որով էլ կարգավորվում է, թե մինչև որ հատվածն է ընկնում «Վեոլիա ջրի» (ծառայություններ մատուցող կազմակերպության), բազմաբնակարան շենքի ընդհանուր սեփականության վրա և որն է կոնկրետ սեփականատիրոջը պատկանող հատվածը»:
Փաստաբանն ընդգծեց, եթե խոսքը ընդհանուր ցանց հանդիսացող խողովակի վթարի մասին է, ապա առաջին հերթին պետք է հասկանալ՝ որ հատվածում է տեղի ունեցել այն և ինչի հետևանքով. «Եթե բնակչի բնակարանից դուրս ընդհանուր գծի հատվածում է եղել, իսկ պատճառը՝ բնական մաշվածությունն է, չկա բնակչի մեղքի առկայություն, ապա սա դիտվում է ընդհանուր սեփականության վթար ու պետք է իրականացվի համատիրության կողմից արդեն բազմաբնակարան շենքի պարտադիր նորմերի կատարման շրջանակներում»:
Եթե բնակիչը հրաժարվում է մասնակցել ընդհանուր հավաքագրման պրոցեսին, համատիրությունը կարող է դիմել դատարան՝ չվճարված գումարը բռնագանձելու, ինչպես նաև տույժ և տոկոսներ գանձելու համար:
Նշենք, որ Կառավարությունը յուրաքանչյուր տարի սահմանում է բազմաբնակարան շենքում ցանցերի վերանորոգման աշխատանքներին, նկուղների սանիտարական մաքրմանը, աստիճանների, վերելակների և այլ կոմունալ սպասարկման պահանջների համապատասխան ապահովմանն ուղղված պարտադիր նորմեր և վճարներ:
«Եթե Կառավարության կողմից սահմանված որոշման տիրույթում է, ապա վերանորոգումը կատարվում է հավաքագրված գումարների հաշվին, եթե սահմանված ցանկից դուրս է՝ հաշվարկվում, բնակիչների միջև բաշխվում և հավաքագրվում է գումարը: Բայց, եթե վնասվել է բնակչի տիրույթում գտնվող խողովակը, որն էլ իր հերթին վնաս է պատճառել հարևանին, դա արդեն կոնկրետ առաջին բնակչի պատասխանատվությունն է, քանի որ վնաս պատճառողը ինքն է»:
Փաստաբանը կարևորեց մեղքի առկայության հարցը, քանի որ կան հստակ չափանիշների պարտադիր պայմաններ. «Պետք է պարտադիր առկա լինեն՝ վնաս պատճառող անձի ոչ իրավաչափ գործողություններ, իրական վնաս, վնաս պատճառող անձի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապ և մեղքի առկայություն: Այս չափանիշների հաստատման դեպքում դատարանը կբավարարի վնաս ստացած հարևանի կողմից ներկայացված վնասի հատուցման պահանջը»:
Եթե բնակիչն իր միջոցներով է նախաձեռնում մաքրելու գործընթացը, նախ պետք է հասկանալ՝ որ հատվածն է մաքրում և արդյոք ունի իրավունք ընդհանուր սեփականություն հանդիսացող կոյուղում առանց մյուսների համաձայնության մաքրման աշխատանքներ իրականացնել:
Վնասի հատուցման պահանջով դատարան դիմելուն նախորդում են մի շարք գործընթացներ՝ նախ պետք է գա համատիրությունից լիազորված անձ՝ արձանագրելու վնասը, նոր միայն բնակիչը կարող է դիմել դատարան՝ վնասի հատուցման պահանջով: Կամ դիմի փորձագիտական ընկերությանը, որպեսզի տրամադրեն պատճառված վնասների ու դրա չափի վերաբերյալ եզրակացություն, այնուհետև ներկայացնի և թույլատրի դատարանին դա որպես թույլատրելի ապացույց ներկայացնել: Կամ բնակիչը իրավունք ունի դատարանին միջնորդի, որպեսզի դատարանը նշանակի փորձաքննություն, այսինքն չափի ու վնասների առկայության փաստը դատական պրոցեսի ընթացքում պետք է հիմնավորվի փորձագետի եզրակացությամբ:
Աննա Դեինյան